«Մեր նպատակն է ցույց տալ սոցիալական խոր բևեռացումը»maxinfo.am կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը նախօրեին բռնության է ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է ֆոտոխցիկով նկարել Կանաչուտ գյուղում ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանին պատկանող առանձնատունը: Ալիկ Սարգսյանի եղբայրը` Անդրանիկ Սարգսյանը, «Մերսեդես» մեքենայով հետապնդել է կայքի խմբագրին, ապա նրանց միջև տեղի ունեցած զրույցից հետո հարվածներ է հասցրել Բաբկեն Հարությունյանին:

«Սա մեր լրատվական կայքի կողմից իրականացվող առաջին ֆոտոռեպորտաժն էր, ուղղակի խոչընդոտեցին մեր մասնագիտական գործունեությանը: Խոչընդոտողը նախկին ոստիկանապետի եղբայրն էր: Նա շրջափակեց իմ մեքենան, վերցրեց բանալիները, այնուհետև հարվածներ հասցրեց իմ ուղղությամբ: Ես ստիպված էի թողնել մեքենան ու հեռանալ: Իսկ սա, կարծում եմ, խոսում է Հայաստանում ժողովրդավարության բացերի մասին: Մեր նպատակն է ցույց տալ սոցիալական այն խոր բևեռացումը, որն առկա է Հայաստանում, անկախ այն բանից, թե առանձնատների տերերը ՀՀ նախագահի խորհրդական են, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մենք իրականացնելու ենք մեր մասնագիտական գործունեությունը: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի խորհրդականին, նրա մերձավորներին, պետք է ակնհայտ լինի, որ իրենց ունեցած կոչումներն ու պաշտոնները պարտավորեցնող են, և ֆեոդալավայել կեցվածքն իրենց հարիր չէ»,- ասաց Բաբկեն Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ իրենք շարունակելու են ֆոտոռեպորտաժների շարքը և՛ Երևանում, և՛ մարզերում: 
Բաբկեն Հարությունյանը նշեց, որ իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին հայտարարություն է տվել ոստիկանություն, և գործն այնտեղ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել