Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց կյանքում շատ հաճախ գործում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ՝ ընդդեմ: Այսինքն՝ «հանուն»-ը ընդդեմի կրավորական հետևանքն է: Իրողություն, որը հիմնականում ունի բացասական նշանակություն, եթե հաշվի չառնենք որոշ բացառություններ: 
Այս տեսանկյունից ուշագրավ է Սալվադոր Դալիի կյանքի դրվագներից մեկը: Մինչև նրա լույս աշխարհ գալը Դալիների ընտանիքում ծնվել էր մի տղա, ում ևս անվանել էին Սալվադոր: Վերջինս մեզ հայտնի Դալիի ավագ եղբայրն էր: Սակայն Սալվադոր Դալիի ծնվելուց առաջ ավագ եղբայրը մահանում է, և զավակի կորստի ցավը որևէ կերպ մեղմելու համար ծնողներն իրենց երկրորդ զավակի անունը դնում են կրկին Սալվադոր: Դա բնավ պատահական չէր, քանզի ծնողները նոր ծնված երեխայի մեջ ամեն կերպ փորձում էին տեսնել իրենց մահացած առաջնեկին: Փոքր հասակից Սալվադոր Դալին շատ ծանր էր տանում այն, որ հարազատներն իր մեջ տեսնում էին ոչ թե իր անհատականությունը, իր եսը, այլ մահացած եղբորը: Այս իսկ պատճառով էլ Դալին իր էքսցենտրիկ վարքով փորձում էր շրջապատին համոզել, որ ինքն ինքն է, այլ ոչ իր մահացած եղբայրը: Պատահական չէ, որ իր կյանքը Դալին համարել է «եղբայրասպանության» պատմություն, քանզի «իր մեջ սպանելով եղբորը՝ իրեն է լույս աշխարհ բերել»: 

Ասել կուզեմ, որ անգամ Դալիի նման մեծություններն իրենց մեծության համար հաճախ պարտական են ոչ թե իրենց ստեղծագործական ես-ը արթնացնելու ներքին նպատակադրմանը, այլ այն արտաքին գրգիռներին, որոնք նպաստել են այդ ես-ի արթնացմանը: Այսինքն՝ գործել են ոչ թե հանուն, այլ ընդդեմ բանաձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել