zinvorakan carayutun

Եհովայի վկաները, չընդունելով «Հայրենիք» հասկացությունը և մերժելով բոլոր պետական կառույցները, դեմ են նաև բանակին և զինվորական ծառայությանը: Անշուշտ, եհովականները ճիշտ են այն հարցում, որ պատմական բոլոր դարաշրջանում երկրագնդի վրա Սատանան զինվորականների միջոցով մեծագույն չարագործություններ է կատարել: Սակայն մեկ այլ բան է, երբ չար մտադրությամբ, նախահարձակ լինելով, զենքով սպանություն են գործում և ուրիշի ունեցվածքին տիրում, ու բոլորովին այլ բան, երբ մարդ այդ ամենից պաշտպանվելու համար է զենք վերցնում: Նույնն է պարագան նաև ազգերի և պետությունների համար: Հետևապես, ճշմարիտ չէ միանշանակորեն հակառակվել զինվորական ծառայությանը: Պատկերացնենք, որ եթե հայ ժողովուրդը հնուց առաջնորդվեր Եհովայի վկաների պատգամներով և զենք չվերցներ՝ իր Հայրենիքը պաշտպանելու, ապա հարևան անհավատ, բարբարոս ժողովուրդների ասպատակությունների հետևանքով վաղուց արդեն մեր տարածքում հայկական և քրիստոնեական հիշեցնող ոչինչ պահպանված չէր լինի: Այդ ամենին հակառակ՝ պատմությունը վկայում է, որ հայերը ջերմեռանդորեն իրենց հայրենիքը պաշտպանել են հատկապես այն ժամանակ, երբ այդ պատերազմը մղվել է նաև հանուն քրիստոնեական հավատքի պահպանության:
Դեռ նոր էր հայոց պետությունը դարձել քրիստոնեական, երբ ստիպված էր իր հավատքը պաշտպանել հզոր հռոմեական կայսրությունից: 311թ. Հռոմի Մաքսիմինոս Դաժ կայսրը հարձակվում է Հայաստանի վրա, չնայած որ մինչ այդ Հռոմը Հայաստանի հետ գտնվում էր բարեկամական հարաբերությունների մեջ, և քաղաքական պատճառ չկար իրար հետ թշնամանալու: Հայտնի պատմագիր Եվսեբիոս Կեսարացին, հիշատակելով Հռոմի կայսրին, այդ դեպքերի կապակցությամբ գրում է. «Պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, որոնք ի սկզբանե բարեկամ և նիզակակից էին հռոմեացիներին: Եվ որովհետև նրանք քրիստոնյա էին և ջերմեռանդորեն պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի և դևերի պաշտամունքին…
Արդ՝ նա հենց ինքն իր բանակի հետ, արմենների դեմ պատերազմելիս ջախջախվեց»: Իսկ դրանից ավելի ուշ՝ 451թ., երբ հայ ժողովուրդը զենք վերցրեց պաշտպանվելու իրեն մազդեական կրոնը պարտադրող Պարսկաստանից, հայոց բանակի սպարապետ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտից առաջ, դիմելով իր զինակիցներին, ասում էր. «Նա, ով կարծում էր, թե մենք քրիստոնեությունը իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը… Եվ մենք էլ, թեպետ մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին» (Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին», գլ. 5): Վարդան Մամիկոնյանը և 1035 մյուս հայորդիները, հրաժարվելով երկրային կյանքից, նահատակվեցին հանուն Հիսուսի և հանուն հայրենիքի, նահատակվեցին, որպեսզի հայոց հողում անխախտ մնան քրիստոնեության հիմքերը: Նահատակ հայորդիների մասին ակամա հիշում ենք Հիսուսի այն խոսքը, թե՝ «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Արդ, մենք էլ մեր հայրենիքը պետք է դիտենք որպես մեր մեծ ընտանիքը: Ինչպես որ ամեն հավատացյալ իր ընտանիքի հոգսն է կիսում, նմանապես բարին այն կլիներ, որ հավատացյալը ոչ թե իր հայրենի երկրից ձեռք քաշեր, այլ այն ավելի աստվածահաճո տեսնելու ձգտումն ունենար:
Եվ եթե Եհովայի վկան քարոզում է, թե պետք չէ հայրենիքի սահմանները պաշտպանել, ապա դա նույնն է, թե նա առավոտյան աշխատանքի գնալիս իր բնակարանի դուռը չկողպեր կամ թե՝ իր ընտանիքի վրա զինված հարձակման դեպքում իր կնոջը և երեխաներին չպաշտպաներ:
Ավանդությունը նույնիսկ վկայում է, որ եղել են զորավարներ և զինվորականներ, որոնք իրենց աստվածապաշտությամբ արժանացել են Աստծու մեծ օրհնությանը և օծությանը: Եկեղեցում ավելի շատ հիշատակվում են սբ. Սարգիս և սբ. Գևորգ զորավարների անունները: Նրանցով Աստծու փառքը հայտնվեց բազում հեթանոսների, և նրանք, ի վերջո, Տիրոջ անվան համար նահատակության արժանացան:
Անդրադառնալով սուրբգրային վկայություններին` տեսնում ենք, որ երբ Աստված իսրայելցիներին բազում հրաշքներով, նրանց առջևից պատերազմելով, անապատով առաջնորդում էր դեպի Ավետյաց երկիր, նույնիսկ այդ ժամանակ Ամենակալը Մովսեսին ասաց. «Դու և Ահարոնը հաշվառման կենթարկեք քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զենք վերցնել Իսրայելի բանակի համար» (Թվեր 1.3): Նոր Կտակարանի այն մասում, որտեղ նշված է Հովհաննես Մկրտչի ապաշխարության քարոզի և նրանով կատարվող մկրտության մասին, կարդում ենք. «Զինվորները նույնպէս հարցնում էին նրան. Իսկ մենք ի՞նչ անենք: Նա ասաց նրանց. Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ. 3.14): Ինչպես տեսնում ենք, Հովհաննես Մկրտիչը զինվորներին չի ասում, թե իրենց փրկության համար նրանք պետք է զինվորական ծառայությունից հրաժարվեն:
Մեկ պարագայում Հիսուսն աշակերտներին պատվիրում է, որ իրենց հետ սուր վերցնեն (Ղուկ. 22.36): Իսկ Կափառնայում իրեն հանդիպած հարյուրապետի հավատքի մասին Հիսուսն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի մեջ իսկ այսպիսի հավատ չգտա երբեք» (Մատթ. 8.10): Իսկ Գործք առաքելոցում Կոռնելիոս զորապետն է որպես Աստծուն հաճելի անձնավորություն ներկայացվում. «Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ Իտալական կոչվող գնդից. նա իր ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով՝ շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթք էր անում» (Գործք 10. 1,2):
Պողոս առաքյալն էլ, խոսելով աստվածահաճո մարդկանց՝ հավատով Տիրոջից ստացած օրհնությունների մասին, նշում է, որ նրանցից շատերը, քաջաբար պատերազմելով, թշնամու բանակներին հաղթեցին. «Եվ արդ, էլ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավթի և Սամուելի ու մյուս մարգարեների մասին, որոնք հավատով պարտության մատնեցին թագավորություններ…
Կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների» (Եբր. 11.32,34):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել