Այն պահից, երբ Յուրի Վարդանյանը նշանակվեց սպորտի նախարար, միանգամայն պարզ էր, որ նախկին հարգված մարզիկը ամեն ինչ անելու է այս ոլորտում սեփական ամբիցիաներին հագուրդ տալու համար:
Առաջին փորձը իրեն սպասեցնել չտվեց: Նախարարության աշխատակազմի ղեկավարը օրենքի կոպիտ խախտումով ազատվեց աշխատանքից, ընդ որում, ոչ միայն օրենքի խախտումով, այլ նաև մի ամբողջ Կառավարությանը հիմարեցնելով, ստելով ու խաբելով: Այսինքն՝ նորանշանակ նախարարը իր գործունեությունը սկսեց Կառավարությանը խայտառակելով:
Հիմա էլ նա փոխնախարարի պաշտոնին է նշանակել … նախկին ոստիկանի` Նազարեթ Մնացականյանին, որը նախկինում որպես ոստիկան հայտնվել էր ինչ-ինչ սկանդալային պատմությունների մեջ:
Այս նախկին ոստիկանն էլ բռնել և ՍՊՈՐՏԻ նախարարություն է բերել իր նախկին-ոստիկան-ընկերներին, ինչն էլ սպասվում էր: Այսինքն՝ Սպորտի նախարարությունը վերածվել է ոստիկանատան, ոստիկանության մի բաժանմունքի: Հին աշխպատողներին դեռ կշարունակեն հեռացնել, իսկ նրանց տեղը կլցվեն նոր նախկին-ոստիկաններ, և այս մարդիկ կսկսեն աշխատել ՀՀ սպորտը զարգացնելու համար: 
Պատկերացնում եք չէ՞, նախկին ոստիկանը սկսում է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է զարգանա հայկական սպորտը: Ծիծաղելի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ:
Այժմ ուզում ենք հարց տալ Յուրի Վարդանյանին: Լավ, Դուք՝ որպես սպորտից հասկացող մարդ, մի՞թե չեք հասկանում, որ նախկին ոստիկանը սպորտից չի կարող որևէ բան հասկանալ, քանի որ մասնագիտության և գործունեության բերումով շատ հեռու է այդ ոլորտից: Ով ով, բայց Յուրի Վարդանյանը՝ որպես նախկին մարզիկ, պետք է դա լավ հասկանար: 
Ուրեմն կա՛մ չի հասկանում, կա՛մ էլ հերթական անգամ Կառավարությանը հաջողությամբ հիմարեցնելուց հետո հիմա էլ ուզում է հիմարեցնել մի ամբողջ ոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել