Մտածողության մակերեսայնությունն է մեր գլխավոր թշնամին: Ամենատարրական խնդիրներն անգամ մենք չենք կարողանում միանգամից ՃԻՇՏ լուծել, քանզի անկախացումից ի վեր մեր երկրի կառավարման համակարգում եղել են ու, դժբախտաբար, այժմ էլ տեղ են գտնում ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ զուրկ մարդիկ…

Մեր այսօրվա հեղափոխական առաջնորդների մեջ էլ, դարձյալ դժբախտաբար, մեծամասնություն են կազմում մարդիկ, որոնց մոտ բացակայում է հասկացություններով ու տրամաբանական հորինվածքներով մտածելու ունակությունը, մարդիկ, ովքեր զուրկ են վերացարկման ճանապարհով գլխավորը երկրորդականից առանձնացնելու կարողությունից, մարդիկ, ովքեր ի վիճակի չեն դատղությունների միջոցով եզրահանգումներ անելու, առանձին երևույթների ուսումնասիրման ընթացքում հստակ տեսնելու բոլոր հնարավոր պատճառահետևանքային կապերը, արտաքին ներգործությունները, անցյալն ու ապագան…

Այսօր էլ մեզ առաջնորդում են մարդիկ, ովքեր իրենց գործունեության ընթացքում ապավինում են մտածողության շատ ավելի պրիմիտիվ, մակերեսային, ֆրագմենտար, «կլիպային» ձևերին: Նրանք հենվում են իրենց «կյանքի փորձի», իրենց պապու ասածների, կարդացած դասագրքերի, Ֆլետչերի հինգամսյա կուրսերի հավաստագրի, առօրյա հնարամտության ու ճարպկության վրա, մարդիկ, ովքեր գործում են կյանքի մասին իրենց սուբյեկտիվ պատկերացումների, իրենց ունեցած «համոզմունքների», սեփական հուզական մտապատկերների ազդեցության տակ…

Այս տեսակի մարդիկ մեծ մասամբ տառապում են նաև ինքնասիրահարվածության ախտով, առաջնորդվում են իրավիճակի միայն իրենց գնահատականներով, միայն իրենց պատկերացումներով: Նրանց մեծ մասն անկեղծորեն հավատում է, որ հենց իրենց գնահատականներն են միակ ճշմարիտը… Իրականում այդ գնահատականները որևէ առնչություն չունեն քննվող երևույթների, իրական կյանքի հետ։ Դրանք, որպես օրենք, բնույթով պատրանքային են, թվացյալ են ու կեղծ: Այս մարդկանց մոտ գուցե մակերեսային՝ այո, սակայն խորքով երբեք չի կարող ձևավորվել ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ:

Ահա սա է պատճառը, որ մենք ազգովի հայտնվել ենք այնպիսի մի ճահճում, որտեղից ելքը չի նշմարվում: Սա է պատճառը, որ բոլոր կարևորագույն խնդիրներում՝ լինի դա Արցախի հարցը, արտագաղթը, քայքայված տնտեսությունը, մարդկանց բարոյական անկման աստիճանը, առաջնորդվելով մակերեսային, «կլիպային» մտածողությամբ, մենք հասել ենք մի հանգրվանի, որից այն կողմ կործանումն է:

Եվ ՆԻԿՈԼԸ չէ, Նիկոլի պապն էլ որ հոր ձեռքը բռնած գան, մեզ այս վիճակից չեն կարող ազատել: Մտածենք այս մասին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել