Բազմիցս ականատես եմ եղել հասարակության որոշ շրջանակի մոտ ձևավորված այն թյուր կարծիքին, թե ճանապարհային ոստիկանության տեսուչը, կանգնեցնելով տրանսպորտային միջոցը, պարտավոր է ցույց տալ ծառայողական վկայականը: Երբեմն այդ կարծիքի տարածման ժամանակ արվում են անհարկի մեկնաբանություններ և հղումներ ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես, ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերին: 
Ծառայողական վկայական ցույց տալու պարտականություն նախատեսված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, այն էլ մի դեպքում: Այն է` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և նախապես ներկայացնելով ծառայողական վկայականը`
ա) բնական աղետների, վթարների, համաճարակների և զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների անձնական և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով անարգել մուտք գործել քաղաքացիների բնակարան կամ այլ շինություն, նրանց պատկանող հողամաս, կազմակերպությունների զբաղեցրած շինություն կամ տարածք, զննել դրանք
բ) օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող տրանսպորտային միջոցները տարերային աղետի վայր հասնելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններ տեղափոխելու, հանցագործներին հետապնդելու, ինչպես նաև վթարի պատճառով վնասված տրանսպորտային միջոցները տեղափոխելու և դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանության անձնակազմին տագնապի ազդանշանով հավաքատեղի հասցնելու համար՝ անհրաժեշտության դեպքում հեռացնելով վարորդներին տրանսպորտային միջոցները վարելուց: Վերոնշյալ նպատակներով կարող են օգտագործվել նաև կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող կապի միջոցները:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում տրանսպորտային միջոցը կանգնեցնելու վերաբերյալ հարաբերությունները կանոնակարգված են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահավման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը......:
Ճանապարհային ոստիկանի կողմից ծառայողական վկայականով ներկայանալու պարտականություն որևէ իրավական ակտով սահմանված չէ: Ոստիկանության ծառայողի համազգեստը և ճանապարհային ոստիկանության կրծքանշանի առկայությունը ինքնին համարվելով անձի` որպես ոստիկան հանդես գալու բավարար խորհրդանիշեր, անհրաժեշտ և բավարար է, որպեսզի վարորդը, հարգանք դրսևորելով պետությունը ներկայացնող պաշտոնատար անձի հանդեպ, սադրանքի չվերածի առկա իրավիճակը: Հակառակ պարագայում վկայականը ցույց տալուց հետո հնարավոր է իրավիճակ, որ վարորդը իր երևակայության սահմաններում կասկածի դրա կեղծ լինելուն և պահանջի փորձաքննության նշանակում` վկայականի իսկությունը պարզելու համար և չենթարկվելով ոստիկանին` պատճաբանի, որ կասկածում է վկայականի իսկության հարցում, և մինչև փորձաքննության արդյունքները չլինեն, չի ենթարկվի վերջինիս պահանջներին: Ի՞նչ է հետևում սրանից, որ իրական պատճառները բաց թողած` որոշ վարորդներ գործադրում են ցանկացած երևակայան հնարամիտ միջոցներ` պատասխանատվությունից խուսափելու համար: 
Հ.Գ.
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի համաձայն շարային ստորաբաժանման ծառայողը ծառայությունը պետք է իրականացնի ոստիկանության ծառայողի համազգեստով, և նրա մոտ ծառայողական վկայականի և ճանապարհային ոստիկանության կրծքանշանի առկայությունը պարտադիր է: 
ՀՀ կառավարության որոշմամբ իր մոտ ծառայողական վկայական ունենալու պարատականություն սահմանելով, չի պարտավորեցնում տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս այն ցույց տա վարորդին: Դա այն իրավիճակի համար կդառնա պարտադիր, երբ ճանապարհապարեկային ծառայողն իրացնի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել