Ինչպե՞ս է Հայաստանում հայտնվել հունահռոմեական ճարտարապետական ոճ ունեցող տաճար և ի՞նչ նպատակով: Այս հարցերին փորձել է պատասխանել Smithsonianmag գիտական պարբերականի հեղինակներից մեկը: Այս հեղինակավոր ամերիկյան ամսագրի հեղինակ Բենջամին Քեմփերն իր հրապարակումներից մեկում փորձել է բացահայտել Գառնիի՝ մեր թվարկության առաջին դարում Հայաստանում կառուցված հեթանոսական տաճարի գաղտնիքը:

«Պարուրված լինելով գաղտնիքներով՝ Գառնու տաճարը ստիպում է նոր հայացքով նայել մինչքրիստոնեական Կովկասին: Այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հռոմից 2,5 հազար, իսկ Աթենքից 1,5 հազար մղոն հեռավորության վրա գտնվող մեկուսացված փոքրիկ անկյունում վեր է խոյանում հսկայական չափսեր ունեցող հունական տաճար՝ միակը այս ճարտարապետական ոճում, որը պահպանվել է նախկին ԽՍՀՄ տարածքում:

Բերանս բաց՝ ես նայում էի դրա սյուներին, որոնք հիշեցնում էին Նիմում գտնվող Մեզոն Կառեն կամ հունական Ակրոպոլիսում գտնվող Պարթենոնը, և փորձում էի հասկանալ, թե ինչպես և ինչ նպատակով է Հայաստանում հայտնվել հունահռոմեական ոճի այս գլուխգործոցը»,- գրում է Քեմփերը:

Այնուհետև նա հեթանոսական տաճարի ստեղծման տարբեր վարկածներ է առաջ քաշում:

«Պատերից մեկի վրա արված հունարեն գրությունը վկայում է այն մասին, որ տաճարը ծառայել է որպես արևի հայ հնագույն աստված Միհրի սրբատեղի: Այն կառուցվել է 77 թվականին՝ Տրդատ I-ի կառավարման օրոք, ով թագադրվել էր հռոմեական կայսր Ներոնի կողմից:

Սակայն ոչ բոլոր գիտնականներն են հակված հավատալու այս վարկածին: Օրինակ՝ Էլիզաբեթ Ֆահանը՝ Թրումենի պետական համալսարանի պատմության պրոֆեսորի օգնականը, կարծում է, որ հունարեն արձանագրությունը չի կարող այս վարկածն ապացուցող գործոն համարվել»,- ավելացնում է հոդվածի հեղինակը:

Մյուս կողմից՝ նա հարց է բարձրացնում, թե ինչպես է տաճարը հնարավոր եղել պահպանել Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո:

«Չէ՞ որ Տրդատ III-ի կառավարման օրոք՝ 301 թ., քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պետական կրոն, և սկսեցին ավիրվել բոլոր հեթանոսական տաճարները»,- նշում է Քեմփերը:

Նա նաև հիշատակում է այն մասին, որ 1679 թ. ավերիչ երկրաշարժն ավիրել է տաճարն ամբողջությամբ, սակայն այն վերականգնվել է խորհրդային տարիներին:

«Այսօր տաճարն ամեն տարի շուրջ 136 հազար զբոսաշրջիկի է ընդունում, որոնց թվում են նաև նեոհեթանոսության հայ հետևորդները: Վերջիններս Գառնին իրենց հոգևոր մայրաքաղաքն են համարում: Հայկական նեոհեթանոսությունը հարաբերականորեն նոր կրոնական շարժում է», - նշում է Քեմփերը:

Եզրափակիչ հատվածում հեղինակը խորհուրդ է տալիս օգոստոսի 11-ին տաճարում նշել հին հայկական Ամանորը՝ Նավասարդը: Նա նաև նշում է, որ, անկախ նրանից, թե որպես ինչ են ընդունում Գառնին՝ որպես հեթանոս աստվածների սրբատեղի՞, թե՞ խորհրդավոր հնագիտական կառույց, «այն հնագույն կառույց է, որն ունի բազմաթիվ գաղտնիքներ, որոնք կարթնացնեն յուրաքանչյուրի երևակայությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել