Մշակութաբանության մեջ ժամանակակից մարդկությանն ուղեկցող հիվանդությունների շարքում առանձնացվում է վերբալ պատրանքապաշտությունը (իլյուզիոնիզմ): Դրա էությունը հետևյալն է. մարդիկ տիրապետում են բառերի, պատեհ կամ անպատեհ առիթներով օգտագործում են դրանք, բայց շարունակում են անծանոթ մնալ դրանցով արտահայտվող հասկացությունների բովանդակությանը: Օրինակ՝ շատ լավ կարող են խոսել զրահամեքենայի մասին, բայց երբ հարցնես, թե ինչ է դա, կկարողանան միայն մատնացույց անել (բառն ու առարկան կարծես նույնացնում են): Քաղաքական ելույթների ժամանակ կարող են խոսել ժողովրդավարությունից, բայց չհասկանալով, թե ինչ է դա, հընթացս քարոզեն ամբողջատիրությանը բնորոշ գործողություններ:

Այսօր շատերն են օգտագործում նորաձև կամ քաղաքական կյանքում շաբլոն դարձած հասկացություններ: Դա ամոթ չէ, ամոթ է դրանց բովանդակությանն անծանոթ լինելն այն դեպքում, երբ հաճախակի մեր շուրթերից արտաբերում ենք համապատասխան բառերը, այլապես կարող եք ստրկամտաբար ազատություն փառաբանել, անողնաշար դիրքով հպարտություն կեղծել, մեղսագործմամբ «ապաշխարհել», ժողովրդասիրությամբ ամբոխ պաշտել, սեփականաշնորհված տարածքով հայրենիք սիրել, անբարո վարքով բարոյախոսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել