Շաբաթ ամբողջ օրը Դիլիջանում էի: Հեռվում չէր լռում սղոցների ձայնը: Մտքովս անգամ չանցավ, որ անտառից է, որ ծառահատում է տեղի ունենում: Միամտաբար կարծում էի, որ հեղափոխությունից հետո, առավել ևս՝ Նիկոլի հորդորներից հետո մարդիկ վերջապես հասկացել են, որ ծառահատմամբ երկիրն անապատի է վերածվում, և որ «ինդուստրիալ ծառահատման» ժամանակաշրջանն ավարտված է: Ավաղ…

Վերադարձի ճանապարհին նայում էի դիլիջանցիների բաց դարպասներից ներս: Պարտեզներում, անգամ փողի խնդիր չունեցող, ըստ այդմ՝ տունը գազով տաքացնելու ունակ «միլիոնանոց» տների պարտեզներում, խնամքով շարված էր վառելափայտի վերածված մեր անտառը: Մարդկանց հարցուփորձ արի, ու պարզվեց, որ վառելափայտը, այո՛, դժվար է ճարվում, սակայն ձև կա, բերում են, չնայած անցած տարվա հետ համեմատած թանկացել է: Անցած տարի վառելափայտի խորանարդ մետրն արժեցել է 15000 դրամ, այս տարի արժե 17500 դրամ: Է, խղճով են թանկացրել, բան չկա, շարունակենք անտառը վառելափայտի վերածել, ու Նիկոլն էլ թող կարծի կամ ասի, արդեն կարևոր չէ, թե ամեն բան կարգին է… Անտառը չի հատվում, կաշառքը վերացած է, և որ ամեն բան հսկվում և վերահսկվում է…

ՀԳ. Վառելափայտին փոխարինող նույնարժեք բան պիտի գտնվի՝ դրսից էժան քարածուխ բերվի կամ էժան վառելափայտ գտնվի, ներկրվի… Քայլ պիտի արվի, գործուն քայլ և ոչ միայն այս, այլ պետական գործունեության անխտիր բոլոր ոլորտներում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել