Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն էի գնացել։ Անցակետում տղաները ցույց տվեցին հեռախոսի տեղը, որից պետք է օգտվեի կադրերի վարչություն կապի դուրս գալու համար: Այցելությանս նպատակն էր իմանալ բոլոր քաղաքացիական և զինվորական ազատ հաստիքների մասին և դիմել համապատասխան աշխատանքի համար (նշեմ, որ բակալավրիատն ավարտել եմ ԱԻՆ ակադեմիայում)։ 

Առաջին զանգիս պատասխանեց կադրերի վարչության պետը (անցակետի աշխատողներից իմացա), ով, լսելով ինձ, խոստացավ մի քիչ հետո հրավիրել։ 

Ու մինչ ես 40 րոպե և ավելի համբերատար սպասում էի վարչության պետի հրավերին, մարդիկ էին գալիս, նշում, որ Արմանը, Ռաֆիկը և չգիտեմ ով ուզում են խոսել անցակետի տղաների հետ, հեռախոսը նրանց էին փոխանցում, հետո բարձրանում՝ լուծելու իրենց խնդիրները (հավանաբար Արմանը, Ռաֆիկը և չգիտեմ ովը պաշտոնյաներ էին): Մինչ ես սպասում էի, մի քանիսը բարձրացան, հետ եկան։

Կադրերի վարչության պետը, ով հանդիպում էր խոստացել, 40 րոպե անց այդպես էլ չպատասխանեց կատարված իմ հետագա զանգերին: Դրանից հետո ես անցակետի տղաներից էլի համարներ ճշտեցի՝ կադրերի վարչության պետի տեղակալի, քարտուղարության, էլի ինչ-որ բաժնի աշխատակցի, խոսեցի մոտ 5 հոգու հետ, իսկ ոմանք ուղղակի չպատասխանեցին զանգին: Բյուրոկրատիայի բոլոր օրենքներին համապատասխան՝ նախարարության տարբեր բաժիններ խնդրանքս իրար էին վերահասցեավորում: Քարտուղարության աշխատակցուհին ասաց, որ չի պատրաստվում ամեն մեկին ընդունել (իրենց տաք ու գեղեցիկ աշխատասենյակներ): Ինչպես հասկացա, այս նախարարությունում չկա մի կառույց կամ անձ, ով տիրապետում է ինֆորմացիայի, թե արդյոք նախարարությունում և նրա ստորաբաժանումներում որևէ ազատ հաստիք կա՞։ Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ չկա համապատասխան ազատ հաստիք «իմ համար», և մերժեց իմ այն խնդրանքը, որ, անկախ այս ամենից, ուզում եմ դիմում ներկայացնել, որպեսզի տեղեկացնեն հաստիք ազատվելու դեպքում։ Արդարության համար նշեմ, որ աշխատակիցներից մեկն ինձ ուղղորդեց Երևանի քաղաքային վարչություն, որտեղ պիտի որ ինձ տրամադրվեր ինֆորմացիա, կամ ընդունվեր դիմումս։

Խնդրանքս. նշել համապատասխան անձանց, ովքեր կարող են համակարգային լուծում տալ այս խնդրին, որպեսզի ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացիներն իրենց անտեսված և արհամարված չզգան, բարձրաձայնվի, որպեսզի վաղը նման խնդիրների առաջ մի ուրիշը չկանգնի, և մեր հարկերի հաշվին պահվող այդ կառույցների աշխատակիցներն ավելի սթափ ու պատասխանատու վերաբերվեն իրենց աշխատանքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել