Այս նյութը պատրաստել եմ մի քիչ ձեւափոխելով եւ իմ անունից դարձնելով «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարության համար իմ պատրաստած նախագիծը: Ցավոք, տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ քննարկման դնել եւ համաձայնեցնել այս նախագիծը եւ մամուլում հրապարակվեց մեկ այլ, ավելի շուտ շրջանառության մեջ դրված տարբերակ: Կարծում եմ, իմ անունից այս տարբերակի հրապարակումը նույնպես կօգնի հասկանալ «Ժառանգության» նախընտրական շտաբի դիրքորոշումը եւ վերջ կդնի անտեղյակների եւ չարակամների այլեւայլ ու մտացածին մեկնաբանություններին:

***

2012թ. ԱԺ ընտրությունների ընտրարշավը մեկնարկեց նույն մթնոլորտում, որը յուրահատուկ էր վերջին տարիների նախագահական եւ խորհրդարանական կեղծաված բոլոր ընտրություններին: Բազմաթիվ բարձրագոչ խոստումներին հակառակ, թե՛ իշխանությունները, թե՛ իշխանական կոալիցիայի մաս կազմոզ կուսակցությունները, որեւէ գործնական քայլով դեռ չեն ապացուցել, որ որդեգրելու են տխուր ավանդույթով ձեւավորվածից տարբեր գործելավոճ:

Մի ձեռքով համատեղ ընտրախախտումների դեմն առնելուն ուղղված փաստաթղթեր ստորագրելով, կամ դրանք ստորագրելու պատրաստակամություն հայտնելով, իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները մյուս ձեռքով, նույնիսկ ընտրարշավի մեկնարկին չսպասելով, ընտրակաշառք են բաժանում, «բարեգործություն» անում, ընտրողների անձնագրեր են հավաքում եւ այլն: Պետական հիմնարկներում, կրթոջախներում նորից, ապօրինաբար գործի է դրվում վարչական ազդեցությունն ու ճնշումը:

Ասվածից կարելի է միայն հետեւություն անել, որ միասնական շտաբեր ստեղծելու, ընտրություններին մասնակցության քաղաքակիրթ կանոններ համատեղ հաստատելու, իշխանական ճամբարից հնչող բոլոր կոչերը կեղծ են եւ միտված են իրականում անգործունակ կառույցներ ստեղծելու միջոցով, միջազգային կառույցներին եւ նրանց դիտորդներին հերթական անգամ մոլորեցնելուն:

Գիտակցելով այդ, բայց լինելով ազատ եւ արդար ընտրությունների հետեւողական ջատագով, կարեւորելով ի վերջո Հայաստանում նման ընտրությունների ավանդույթն արմատավորելու խնդիրը եւ ընդունելի համարելով այդ հարցում անկեղծ համագործակցությունը շահագրգիռ բոլոր ուժերի հետ` «Ժառանգությունը» միշտ, բոլոր քննարկումներում հանդես է եկել կառուցողական դիրքերից, կոնկրետ առաջարկներ է արել ընտրակաշառքը արմատախիլ անելու եւ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ:

Ցավալի է, բայց նորից պետք է արձանագրենք մեր գործընկեր-մրցակիցների` արդար ընտրությունների գնալու անպատրաստությունը եւ քաղաքական կամքի բացակայությունը: Ի՞նչ են, եթե ոչ դրա ապացույց, ձեռքբերված համաձայնությունները ղեկավարների մակարդակով ստորագրել-ամրագրելուց խուսափելը կամ ընտրակաշառքի եւ նախընտրական, կեղծ բարեգործության կասեցնելուն ուղղված մեր առաջարկները վիժեցնելը:

Մեր անկեղծ զարմանքն է առաջացնում նաեւ ՀԱԿ եւ ՀՅԴ մեր մրցակից-գործընկերների նոր դրսեւորվող տարօրինակ հանդուրժողականությունը իշխանության մաս կազմող ԲՀԿ-ի «բարեգործությունների» նկատմամբ: Չենք ուզում հավատալ, որ այս վարքագիծը իշխանության հետ ինչ-որ ստվերային համաձայնությունների արդյունք է եւ ականատեսն ենք մի նոր, հերթական անգամ հայաստանյան ընտրողի ազատ ընտրելու իրավունքը ոտնահարող, հակաազգային կոալիցիայի բյուրեղացման:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը չի դադարեցնում իր ջանքերը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը աջակցելու ուղղությամբ: Ընտրական հանձնաժողովների իր ներկայացրած անդամների, վստահված անձանց միջոցով ամեն իչ անելու է ընտրակեղծիքների դեմն առնելու եւ մրցակիցների հակաօրինական գործողությունները կասեցնելու համար: Պատրաստ ենք նաեւ ընտրությունների օրինականության ապահովմանն ուղղված ցանկացած ոչ ձեւական փաստաթուղթ ստորագրելուն եւ ընդհանուր մարմիններ ստեղծելուն:

Կարապետ Ռուբինյան

13.04.2012

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել