ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Գագիկ Մելիքյանն ու Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, տեղի ունեցող գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ խմբակցության ղեկավարը կարևորել է ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության և օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:

Դեսպան Յոհաննես Դաումայի հետ հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Պատգամավորը խոսել է Հայաստանում տիրող քաղաքական զարգացումների, ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:

Նույն օրը դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հետ: Արմեն Ռուստամյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել