Ամիսներ առաջ «երկրում փոխված իրավիճակն» այսօր երկիրը կանգնեցրել է լուրջ մարտահրավերների առջև: 
Աշխարհի իրական դերակատարներն իրենց կեղծ հիացական պահվածքով առայժմ թամաշա են անում մեր երկրում կրեատիվ տեխնոլոգիաներով գլուխ բերած խաղաղ իշխանափոխության «պիլոտային ծրագրի» հետագա և հնարավոր զարգացումներին, և դեռ մի քանի ամիս էլ կշարունակեն մեզ ոգևորել «մարդկության քաղաքական պատմության համար դասագրքային նմուշ հանդիսացող հայկական աննախադեպ հեղափոխությամբ»: Դե իսկ մենք՝ հայերս, գլխակորույս ենք լինում, երբ մեզ «մեծարում» են աշխարհի մեծերը՝ թքած ունենալով, որ այդ ամենին ուշի-ուշով հետևում է նաև մեր «կիրթ» հարևան Ադրբեջանը՝ անհամբեր սպասելով մեր երկրում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը տանող իր համար ամենացանկալի սցենարին: «Վերելակային շփման» արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարճաժամկետ են, անվաստահելի ու խաբուսիկ. Ալիևն անհամբեր սպասում է մեր զենքերի ժանգոտելուն…

Երկրի ներսում ծայրաստիճան բևեռացվել է հասարակությունն ու քաղաքական դաշտը՝ զուգորդված քաղաքական շանտաժով ու քաղաքական տեռորով, իսկ որ ամենավտանգավորն է, հեղափոխության հետ աղերս չունեցող, բայց իշխանափոխությամբ առիթավորված ինքնակոչ ու «կեղծ դաբրոներով» հեղափոխականների ակնհայտ սանձարձակ պահվածքով ու այլախոհներին «սամասուդ անելու» անպատժելի համարձակությամբ: Երկրում ներքաղաքական զարգացումներն այլևս սահմանվում են սևերի ու սպիտակների սահմանազատմամբ, իսկ հարցերը լուծվում են ասֆալտին փռելով կամ պատերին ծեփելով: Բարձիթողի այս իրավիճակը կարող է բերել հասարակության ներսում լուրջ բախումների. դրա ձնծաղիկը Մարալիկում «ԱդեկվաԴ»-ների նկատմամբ ագրեսիվ պահվածքն էր: Երևույթը կրկնվելու և համընդհանուր դառնալու ակնհայտ միտումներ ունի, իսկ արջի ծառայություն մատուցողները լրացուցիչ գլխացավանք են դառնալու հենց իշխանությունների համար. այս ամենի դեմն առնել է պետք: 

Ամիսներ առաջ ընդամենը պարզ իշխանափոխության հասած քաղաքական թիմն, օգտագործելով ժողովրդի համար այդքան բաղձալի «հեղափոխության» արդարացի ձգտումը, կարողացավ վայրկենապես բռնել նախկիններից հոգնած ժողովրդի զարկերակը, վարպետորեն մոլորեցնել ժողովրդին ու իր նպատակներին ծառայեցնել տոտալ փոփոխություններ տենչացող նույն այդ ժողովրդի անվերապահ աջակցությունը: Էյֆորիայի ազդեցության տակ գտնվող ժողովրդին որպես զենք, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև որպես վահան կիրառելու մարտավարությունն ընդամենը ժամանակավոր հաջողության գրավական կարող է լինել. թմբիրից դուրս գալուց հետո մեծ խոստումներով կերակրված նույն այդ ժողովրդի հիասթափությունը բումերանգի էֆեկտով կարող է ցավալի հակահարված տալ: Հեռահար ու երկարաժամկետ նպատակների համար ավելի լուրջ ու ռազմավարական մոտեցումներ են պետք, որի համար որպես հիմք պետք է ծառայեն ժամանակակից ժողովրդավարության պրակտիկ մոտեցումները, ասել է, թե՝ համընդհանուր ժխտողականության փոխարեն կառուցողական փոխհամագործակցությունն առավել արգասաբեր կարող է լինել: Տվյալ պարագայում՝ բազմիցս ճամբարափոխներին ու առնետավազորդներին որպես հենարան ընտրելն առնվազն լուրջ չէ, իսկ նրանց «կապիտուլացիայով» ժողովրդին «կերակրելու» փոխարեն համագործակցության տեսքով արդարացված խաղադրույք կարելի էր անել բանիմաց ու իրական ներուժ ունեցող նախորդների վրա: Դե իսկ օլիգարխների վրա բյուջեն լցնելու պատրվակով միլիոններ մուծվելու համար ցանկացած պահի էլ կարող էս մատ թափ տալ՝ դրան զուգահեռ բացառելով յուրայինների շարքից նոր օլիգարխների կամ բդեշխների լույս աշխարհ գալը: 

Արագ իշխանափոխության արդյունքում հասկանալի պատճառներով ցայտնոտային իրավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը կադրային ոչ ճիշտ ընտրության հետևանքով չկարողացավ ստեղծել կուռ քաղաքական թիմ և այսօր ստիպված է որոշումներն ընդունել միանձնյա, պահի ազդեցության տակ, լոկ ժողովրդին ականջահաճո կամ ակնահաճո լինելու համար, որպեսզի ժամանակից շուտ չզրկվի իր առայժմ միակ հենարանից` ժողովրդի աջակցությունից. առջևում համապետական ընտրություններն են: Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում տարած հաղթանակը բացառապես էյֆորիայի առայժմ իներցիոն շարունակությունն է: Խորհրդարանական առաջիկա ընտրություններից հետո ակնհայտորեն նշմարվելու են այլընտրանքային կոնսոլիդացնող քաղաքական ուժի ձևավորման հիմքերն ու նախադրյալները: 

Երկրի առաջընթացը պայմանավորել բացառապես քաղաքական հնարավոր մրցակիցներին կամ նրանց հնարավոր աջակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով մեկուսացնելու կամ չեզոքացնելու անհեռատես մարտավարությամբ՝ մեղմ ասած՝ անհեռանկարային է: Իրավական գործընթացներից քաղաքական «աբիժնիկության» կամ վրեժխնդրության տարանջատումն ու քաղաքական հաշվեհարդարի բացառումը ժամանակի հրամայական է: Հաշվի չնստել քաղաքական անցյալի ու նախկին անուրանալի ձեռքբերումների հետ պարզապես անարդար է: 

Արդար լինելու համար հարկ է նշել, որ էական փոփոխությունների համար վեց ամիսը, իհարկե, փոքր ժամանակահատված է: Թերություններն ու սխալներն էլ, անխոս, ենթակա են շտկման, եթե դրա կամքն ու ցանկությունն, առհասարակ, կա: Հուսանք՝ կա: 

Ամիսներ շարունակ «հեղափոխության ուրվականը» դեգերում է բոլորիս հոգիներում ու սրտերում, սակայն դեռևս չի արմատավորվել մեր ուղեղներում: 

Չի արմատավորվի, քանի դեռ անարժանի հետ մեկտեղ շարունակվում են մերժվել ազգայինն ու պետականը:

Չի արմատավորվի, քանի դեռ օտարածնի ներմուծմանը զուգահեռ շարունակվում են անարգվել բարոյականն ու ավանդականը: 

Չի արմատավորվի, քանի դեռ նոր արժեքներ սահմանելուն զուգահեռ շարունակվում են հեղինակազրկվել հեղինակություններն ու իդեալները:

Շառլի մահն ու Ֆրանկոֆոնիան մի քանի օրով բոլորիս վերացրել էին ներքաղաքական լարվածությունից, ընդամենը մի քանի օրով … 

Առջևում ականատեսն ենք լինելու ներքաղաքական փոթորկումների ու արտաքին արկածախնդրությունների: Անհրաժեշտ է շարժվել բացառապես խելքով՝ ազգային գերագույն շահը բարձր դասելով բոլոր տեսակի նեղ անձնական ու խմբակային շահերից, հակառակ դեպքում կկորցնենք բոլորս՝ սև թե սպիտակ …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել