Հայ հայտնի ճանապարհորդների շարքում է Սիմոն Լեհացին՝ ճանապարհորդ, գրող, հասարակական ու եկեղեցական գործիչ: Ծնվել է 1584 թ. Զամոշչում՝ Լեհաստանի ամենահարուստ պատմությունն ունեցող հայկական թաղամասում: Մահացել է 1637 թ. Լվովում:

Զամոշչի հայկական դպրոցում է սովորել Հակոբ Թոխատեցին: 1608-09 թթ. Սիմոն Լեհացին ճամփորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչպես նաև Հայաստանում: 1619-25 թթ. Ստեղծել է հանրահայտ «Ուղեգրություն» աշխատությունը, որը նմանը չունի միջնադարյան հայկական գրականության մեջ:

Դրանում նկարագրվում են այն երկրների ավանդույթները, որտեղ այցելել է հեղինակը, եկեղեցական սովորույթները, պատմական հուարձանները, ընդհանուր կենսապայմաններն ու շատ այլ բաներ:

Որպես այս աշխատության շարունակություն՝ Սիմոն Լեհացին 1623-35 թթ. գրել է «Տարեգրությունը», որտեղ թվարկել է վերջին տարիների առավել նշանավոր իրադարձությունների մասին: Լեհացին հատուկ տեղ է հատկացրել հայկական գաղութներին, դրանց ներքին կյանքին, մարդաքանակին, զբաղմունքներին, դպրոցներին ու եկեղեցիներին:

Հայ ամենահայտնի ու նշանավոր ճանապարհորդներից ու նոր ժամանակների գիտնական-աշխարհագրագետներից էր Մինաս Բժշկյանը՝ բանասեր, մանկավարժ, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ:

Մինաս Բժշկյանը ծնվել է 1777 թ. Տրապիզոնում և մահացել՝ 1861-ին Վենեցիայում: Թաղված է Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում: Երկար ժամանակ մանկավարժական գործունեությաբ է զբաղվել հայրենիքում՝ Տրապիզոնում, ինչպես նաև Ղրիմում ու Կոստանդնուպոլսում:

1817-19 թթ. աննախադեպ ծովային ճանապարհորդություն է իրականացրել Սև ծովի ողջ երկայնքով, որի արդյունքում էլ ծնունդ է առել «Պատմություն Պոնտոսի, որը Սև ծովն է» աշխատությունը: Վերջինս հրատարակվել է 1819 թ. Վենեցիայում՝ Սև ծովի քարտեզի հետ միաիսն, որը կարելի է համարել հայկական առաջին ծովային քարտեզներից մեկը:

Այս աշխատության մեջ Մինաս Բժշկյանը մանրամասնորեն նկարագրում է Սև ծովի ափերը, արժեքավոր վկայություններ է տալիս սևծովյան ժողովուրդների՝ հայերի, հույների, թուրքերի, աբխազների, բուլղարների, ռումինների աշխարհագրության, պատմության, ճարտարապետության, էթնոգրաֆիայի մասին:

Հաջորդ աշխատության՝ «Ճամփորդություն ի Լեհաստան» ուղեգրության մեջ, որը հրատարակվել է 1830 թ., բացի վկայություններից, որոնք նկարագրում են երկիրը, Բժշկյանը ներկայացնում է նաև Անիի և Լեհաստանի ու Արևմտյան Ուկրաինայի հայ համայնքների պատմությունը:

Հետագայում Մինաս Բժշկյանը զբաղվել է համեմատական քերականությամբ, ստեղծել է «Ռուս-հայկական քերականություն», «Բազմալեզու քերականություն» աշխատությունները, որոնց համար արժանացել է Ռուսական կայսրության Մեծ ոսկե մեդալի:

Վենետիկի Մխիթարյան միաբանությունում ապրել ու ստեղծագործել են նաև այնպիսի հանճարներ, ինչպիսիք էին Ստեփանոս Ագոնցը, Ղուկաս Ինչիչյանը, և, իհարկե, Ղևոնդ Ալիշանը: Ստեփանոս Գյուվեր Ագոնցը՝ հայագետ, աշխարհագրագետ, ծնվել է 1740 թ. Տրանսիլվանիայում: Վախճանվել է Սուրբ Ղազար կղզում 1824-ին:

Ագոնցը բազմաթիվ աշխարհագրագիտակն աշխատությունների հեղինակ է: Հատկապես հայտնի է նրա «Աշխարհագրություն չորս մասանց աշխարհի» աշխատությունը, որը Գ. Ինչիչյանի հետ համատեղ ստեղծել է 1802-1808 թթ.:

Դրանում ներկայացվում են աշխարհագրական ճշգրիտ ու ստուգված փաստեր, աշխարհի տարբեր երկրների պատմություններ ու էթնոգրաֆիա: Նոր դարերում սա առաջին հայալեզու աշխարհագրական հանրագիտարանն էր:

Հայ ամենախոշոր հայագետն ու աշխարհագրագետը համարվում է Ղևոնդ Ալիշանը, ով ծնվել է 1820 թ. Կոստանդնուպոլսում, և վախճանվել է 1901-ին Սուրբ Ղազար կղզում:

Ալիշանը Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգիոնի դափնեկիր էր, Իտալիայի ասիական համայնքի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հնագիտական համայնքների, Վենետիկյան ակադեմիայի, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվարժան անդամ:

Ալիշանի գրչին են պատկանում մասնավորապես «Շիրակ», «Այրարատ», «Սիսական», «Սիսվան», «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», «Մեծ Հայքի տեղագրությունը», «Հայերի հին հավատքը կամ հեթանոսական կրոնը» և շատ այլ աշխատություններ, որոնք բովանդակում են ամբողջական և մանրամասն պատմական պատկերներ՝ հատկապես Մեծ Հայքի վերաբերյալ: Ալիշանի շատ գործեր մինչ օրս ունեն սկզբնաբյուրների նշանակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել