Մեզ ծառայամիտ պաշտոնյաներ պետք չեն, ծառայամիտ քաղաքացիներ պետք չեն, ծառայամիտ արվեստի, գրականության, գիտության մասնագետներ պետք չեն, ծառայամիտ կոշկակարներ, վարսավիրներ պետք չեն, ծառայամիտ ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ պետք չեն... ծառայամիտ նախագահ ու վարչապետ, նախարար ու մարզպետ, պատգամավոր, դատախազ ու դատավոր պետք չեն... Մեզ ծառայամիտների երկիր պետք չի... Մենք կարիքը ունենք մարդկային արժանապատվությամբ պաշտոնյաների, քաղաքացիների, մարդկանց, որոնք ապրում են, արարում են, ստեղծում են, ստեղծագործում են արժանապատվության զգացումով... Անկախ իրենց սոցիալական դիրքից, պաշտոնից, կրոնական, քաղաքական դավաբանական և այլ համոզմունքներից, սեռային պատկանելությունից և կողմնորոշումից՝ Սահմանադրության, իրավական օրենքների առջև հավասարապես պատասխանատու լինելու մտածողությամբ մարդիկ են ապահովում արժանապատիվ հասարակության գոյությունը և հնարավորությունը... Սեփական մտքի, հոգու տկարությունը թաքցնելու նպատակով այլոց կողմից ըստ մարդկային արժանապատվության ապրելու, արարելու ձգտումը ոչնչացնելու մոլուցքը հանցագործություն է մարդկային քաղաքակրթության հանդեպ, որպիսիք են ֆաշիզմը, բռնապետությունը, ազգայնամոլությունը, կրոնամոլությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել