Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության այցը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և կնպաստի դրանց առավել խորացմանն ու ամրապնդմանը: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր Հայաստանի խորհրդարանում պատվիրակության հետ հանդիպմանը։

ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Մամուկա Բախտաձեի հետ զրույցում կարևորել է խորհրդարանականների միջև սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել նաև արդյունավետ միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Մամուկա Բախտաձեն, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ևս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:

Խոսելով վրաց-հայկական հարաբերություններից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն ունի դարերի պատմություն, և Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ առավել զարգացնելու դրանք բոլոր ոլորտներում: Նա երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զուգահեռ անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով գաղափարը, կարևորել է նաև գիտական, կրթական, մշակույթի և առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել