Շատերը գիտեն, որ օրերս Վրաստանում ձերբակալված նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ազգությամբ հայ է` Վանիկ Մեհրաբյան, ծնված Ախալացիխեի Ուդե գյուղում: Սա ոչ թե այն շարքից է, երբ փորձում ենք բոլորին հայացնել, այլ իսկապես այդպես է: Եվ ինչպես սովորաբար լինում է ազգափոխ և դավանափոխ հայերի դեպքում, Վանոն նույնպես անողոք պայքար էր մղում հայերի դեմ` հատկապես Ջավախքում, երբ վերջինս ներքին գործերի նախարար էր: 
Բոլորովին պատահական չէր Վանոյի` Facebook-ի անձնական էջում երկու ամիս առաջ թողած գրառումը, մեջբերում եմ`
«Բոլոր միջոցառումները, որոնք անց են կացվել Սամցխե Ջավախքում վերջին տարիներին, համաձայնեցվել են անձամբ ինձ հետ, և ես պատրաստ եմ անձամբ պատասխանատվություն կրել դրա համար: Ես և իմ ընկերները առաջիկայում ևս կշարունակենք ամրապնդել վրաց պետականությունը Ջավախքում, և Իվանիշվիլին իր հակապետական գործողություներով չի կարողանա խանգարել մեզ դրանում: Ես ամեն ինչ արել եմ, որ ազգայնական ուժերը չհայտնվեն ղեկավար մարմիններում»:
Ջավախքում իր կողմից հորինված անջատողականության դեմ պայքարի պատրվակով ուժային կառույցների ներկայությունը (ներքին գործեր, անվտանգություն, ժանդարմերիա) հասցրեց առավելագույնի: Ջավախքով փաստացի զբաղվում էին ուժային կառույցները և տեղական մարմինների ղեկավարներին ստիպում էին հաշվետվություն ներկայացնել իրենց:
Հենց այսպիսի քաղաքականությունն անջրպետ առաջացրեց Վրաստանի իշխանությունների և Ջավախքի ազգաբնակչության միջև:
Գալու է այն օրը, երբ պատասխանատվություն են կրելու նաև Ջավախքում ապօրինի ձերբակալությունների, ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների, ապօրինի գաղտնալսումների ու հետապնդումների և, վերջապես, Ջավախքի ժողովրդագրական պատկերը փոխելուն միտված քաղաքականության մյուս հեղինակներն ու կատարողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել