ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում: 

«ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: 


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով:

Դեսպանն իր հերթին կարևորել է գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ անպայմանորեն կմասնակցի միջոցառմանը: 

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի՝ աշնանը Մինսկում կայանալիք նիստի օրակարգային հարցեր՝ այս համատեքստում կարևորելով նաև ֆաշիզմի ու նացիզմի հերոսացման փորձերին առնչվող հարցերի քննարկումը: 

Ընդգծելով, որ հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի՝ զրուցակիցները կարևորել են ընդհանուր քրիստոնեական ու ավանդական արժեքների պահպանությանն ուղղված համատեղ քայլերն ու նախաձեռնությունները: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել