Երկարատև դադարից հետո կրկին որոշեցի ակտիվանալ եւ մտքերս հանձնել ձեզ, հարգելի հայրենակիցներ: Երկար ժամանակ է, ինչ չէի կարողանում ուշքի գալ մեր երկրում տիրող իրավիճակից, զոմբիացած մարդկանց հայացքներից, բազմերեսանի կուսակցություններից ու քաղաքական դեմքերից, իրենց հոգին ու հայրենիքը վաճառած հայերի ներկայությունից: Փորձում էի գտնել ճանապարհներ այս վիճակից դուրս գալու համար, ժողովրդի մտածելակերպը փոխելու, երկիրը կործանումից փրկելու եւ այլն: Կարող է թվալ, թե ես ինձ ինչ-որ մի մեծ մարդու տեղ եմ դրել կամ համարում ինձ ընտրյալ, բայց համոզված եմ՝ այդպես կմտածեն այն մարդիկ, ովքեր չունեն գաղափար ազգի ու հայրենիքի մասին, նրանք, ովքեր խոսում են ազգից միայն երբ հարբած են, եւ մյուսները նրան չընդհատելու համար միայն չեն խոսում եւ լսում են նրան: Իրականում ընտրյալներն են նրանք, ովքեր ամեն օր մտածում են գտնել մի ճանապարհ, մի ելք, մի ուղի՝ ազգի փկության համար եւ այդպիսի ընտրյալներ, համոզված եմ, շատ կան: Միայն մի բան է մեզ խանգարում, որ այդ ընտրյալները միսանական չեն, չեն ճանաչում միմյանց, չեն փոխանակվում մտքերով, իրենց չեն ներկայացնում հանրությանը: Այսօր մեզ ստիպում են, որ մենք հավատանք, որ ոչ մի բանի չենք կարող հասնել խաղաղ ճանապարհով եւ նույնիսկ բռնի ուժով, մարդկանց միջից հանել են այն ամենը, ինչը կարող է նրանց ոտքի կանգնեցնել, ինչը նրանց ուժ կարող է տալ, ինչը կարող է նրանց ստիպել պայքարել, եւ նրանց մեջ թողել են միայն վախը, ստրկամտությունը ու թուլությունը: Մեծամասնության մտքում մի հեշտ ուղի է միայն՝ գնալ այս երկրից՝ «ինչ կա այստեղ որ» ասելով: Ինչո՞ւ, որովհետև մոռացել են, թե ինչպես կարող են պայքարել, մոռացել են, թե ինչպես կարող են հաղթահարել դժվարությունները, միայն սովորել են, թե ինչպես կարող են փող մուրալ, ընտրակաշառք վերցնել եւ մի քանի օր ապրել: Մեծամասնության աչքերում խղճահարություն եմ տեսնում, այլ ոչ հպարտություն, ստրկություն եմ տեսնում, այլ ոչ ազատություն, վախ եմ տեսնում, այլ ոչ քաջություն: Իսկ մենք ի՞նչ անենք, ովքեր դեռ շարունակում են պայքարել, ովքեր չեն հանձնվում, ովքեր չեն հեռանում երկրից եւ չեն էլ ցանկանում: Կռվել, կռվել՝ ոչ թե հրացանով կամ դանակով, այլ կռվել խելքով: Ամեն մեկս ունենք մի թաքնված զենք, որի մասին նույնիսկ մենք չգիտենք, պետք է փորձենք վերծանել այն եւ օգտագործել, քանզի արդեն ժամանակն է, եթե ուշանանք, ապա այն կժանգոտի եւ այլևս չի օգտագործվի: Խելացի մարդիկ, եկեք օգնենք միմյանց ապրելու, եկեք մեզ չնսեմացնենք, մեզ չվարկաբեկենք: Այսօր հեռուստատեսություններով գրեթե ամեն օր խոսում են աղքատության, տարբեր կոմունալ խնդիրների, սոցիալական ծանր վիճակի եւ այլ, եւ այլ տխուր թեմաների մասին, բայց խոսում են այնպես, որ ավելի ու ավելի հիասթափություն սերմանեն մեր մեջ, որ մարդը տեսնելով մտածի, որ այս երկրում էլ ոչնչի հույս չկա ու թողնի, գնա այս երկրից: Նրանք կարծես կատարում են ինչ-որ պատվեր, ինչ-որ մեկի կողմից, արտագաղթը ավելացնելու համար: Ինչո՞ւ կոշտ միջոցներով չեն խոսում այդ մասին, ինչո՞ւ չեն ոգեկոչում մեր ազգին, ինչո՞ւ այդ հեռուստատեսության ախմախ երաժշտական կամ զվարճալի թոք շոուների փոխարեն՝ ձեռնամուխ չեն լինում ստեղծել մի հզոր ֆիլմ, օրինակ՝ Տիգրան Մեծի մասին, որպեսզի ոգեկոչեն ազգին, հպարտություն պարգևեն, հավատ ներշնչեն նրանց մեջ: Եթե մենք ինքներս մեզ չօգնենք, ուրիշները չեն օգնի, իսկ նրանք, ովքեր չեն պայքարում մեր արժեքների համար եւ ոտնահարում են դրանք, չասենք՝ թշնամի են, բայց հաստատ ուրիշ են, այնպես որ պետք է մեկ դար առաջ վերսկսենք պայքարը եւ չդադարեցնենք մինչ տեսանելի հաղթանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել