Ազգիս ներկայիս վիճակը կարելի է գնահատել որպես բավականին խառը: Կարճ ասած` ազգովի խառն ենք: Ժողովրդը տառապում է. մի մասը` գալիք խորհրդարանական ընտրություններով, մյուսը` Մաշտոցի պուրակի հարցերով, ոմանք տառապում են Հայաստանում ադրբեջանական կինոփառատոնի անցկացման խնդրով, դե զգալի մի մասի համար էլ ամեն ինչ միեւնույն է:

Ակտիվիստներն` այդ խնդիրներից բխող տարաբնույթ հարցերով, ծանրաբեռնում են իրենց ուղեղները, սոցիալական ցանցերում այդ թեմաների շուրջ տարբեր գրառումներ անում, կարծիքներ հայտնում, քննարկում, պայքարում, սխալ ու ճիշտ են փնտրում, գտնում ու կորցնում եւ այլ:

Առաջին աղմուկը բարձրացավ` մամուլում շրջանառվող այն լուրով, թե երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով այժմ նաեւ ՀՀԿ ցուցակի պատվավոր 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում, ընտրություններից հետո նշնակվելու է մշակույթի նախարար կամ փոխնախարար: Իրականում դա ինձ համար էլ շատ զարմանալի էր, քանի որ մի տեսակ տարօրինակ է` մշակույթի նախարար` առանց խոսելու տարրական մշակույթի: Իհարկե որպես երգչուհի իսկապես տաղանդավոր է, բայց մի տեսակ հակակրանք առաջացնող հարցազրույցներ է տալիս, որոնցում ամեն անգամ վառ ընդգծում է իր մեծամտությունն ու գռեհկությունը, թերեւս սա իմ կարծիքն է եւ հնարավոր է, որ այն ձեր կարծիքի հետ չհամընկնի եւ պարտադիր էլ չի: Իսկ որպես իմ կարծիքի ապացույց կարող եք բաց անել` մի քիչ ասենք սուր հարցեր պարունակող` ցանկացած հարցազրույց Շուշան Պետրոսյանի հետ եւ կհամոզվեք ինքներդ… Լավ, Շուշանին հանգիստ թողեցին, երբ վերջինս հարցազրույց տվեց եւ ասեց. «Ղալաթ են արել գրել են, մարդն իր համար հանգիստ ապրում է, ի՞նչ են խառնվել իրար»:

Շուշանին թողեցիք հանգիստ, մեկ էլ հանկարծ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը` կուսակցության կանանց միության 7-րդ համագումարում հպարտորեն հայտարարեց. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ-ում կանայք շատ են»: Կուսակցության փոխնախագահի այս լուրջ հայտարարությունը, իհարկե, մեծ ոգեւորությամբ ընդունվեց ոչ միայն հասարակությունում, այլեւ` քաղաքական կուլիսներում հումորի նոր թեմա դարձավ: «Ժողովուրդ» օրաթերթը գրեց. «Քանի որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցները, ջեմ ու մուրաբա բաժանելուն զուգահեռ, խոսակցություններ են տարածում, թե ՕԵԿ առաջնորդ Բաղդասարյանը նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազ, հումորասերները կատակում են, որ ինչպես կասեր Հեղինե Բիշարյանը՝ Հայաստանում կլինի առաջին կին դատախազը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի»: Տեսնես Արթուրն այս ամենի մասին ի՞նչ կարծիք ունի:

Հաջորդ բոցն էլ` Մաշտոցի Պուրակում կառուցված շինությունների դեմ ակտիվ պայքարող` հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կնոջ` Նարինե Միրզոյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու լուրն էր: «Հայկական ժամանակը» գրեց. «Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որի վերջին շրջանի քաղաքական եւ հանրային կրեդոն Հայ ազգային կոնգրեսին քննադատելն ու նրան անվճռականության մեջ մեղադրելն է, բավական վճռական եւ ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել: Նրա կինը` Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր), ընդգրկվել է Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում»:

Խզմալյանը հաստատել է այս տեղեկությունը եւ բավական տարօրինակ պարզաբանում տվել թերթին` ասելով, թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել են առանց նրա գիտության: Հետաքրքիր է, փաստորեն Նարինե Միրզոյանն առանց իմանալու այդպես էլ մինչ օրս շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել