Երգիչ Սուպեր Սաքոն այս օրերին Երևանում է. նա մասնակցելու է Հարութ Բալյանի մենահամերգին, որին, բացի դուետով հանդես գալուց, երգելու է իր հեղինակային մի քանի սիրված երգերից: Սարգիսն այս շրջանում աշխատում է նոր երգերի վրա, որոնց մասին որոշեց դեռ չբարձրաձայնել: Վերջին շրջանում անընդհատ սկանդալների կիզակետում հայտնված երգիչը պատասխանել է BlogNews.am-ի մի քանի հարցերին` մեկնե՞ց արդյոք երգիչը Թուրքիա, ինչպես հանգուցալուծվեց իր և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգի շուրջ ծագած կոնֆլիկը, և ինչպես են վերաբերվում իր երեխաները վերջինիս երգերին:  

«Բացի համերգից՝ բարեգործական նպատակներով եմ այստեղ, բացի այդ՝ ես միշտ կարոտում եմ իմ հայրենիքը: Հարութի հետ մենք համատեղ երգ ունենք, բայց համերգի ընթացքում կերգեմ մի քանի ուրիշ երգեր իմ երգացանկից»:

Երկար ժամանակ համացանցում քննարկվեցին Սպիտակցի Հայկոյի և Սաքոյի «Մի գնա»  երգի մասին տարաձայնությունները, որոնք այդպես էլ հստակ հանգուցալուծում չեն ստացել. «Սպիտակցի Հայկոյի հետ դեռ չեմ խոսել, բայց Հայկոն, միևնույն է, մնում է Հայկո. երգարվեստի մեջ լավագույնների թոփ 5-ում է: Նա իմ սիրելի երգիչներից մեկն է, և ես լիքը հաջողություններ եմ ցանկանում և ամենակարևորը` առողջություն»:

Վերջին շրջանում համացանցում տեսանյութ տարածվեց, և ըստ ասեկոսեների՝ Սաքոն մասնակցում էր թուրքական հաղորդումներից մեկին: Երգիչը հերքեց այդ ասեկոսեները` պարզաբանելով. «Դա Թուրքական հաղորդում չէր, ես մեկնել էի Թունիս: Պարզապես մարդկանց թյուրիմացության մեջ էր գցել նրանց դրոշը, որը շատ նման է Թուրքիային, ինչպես մերը` Կոլումբիայի դրոշին»:  

Սարգսի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը բավականին հայտնի է նաև Թուրքիայում։ Պարզվում է՝ նա անգամ մրցանակ է ստացել, իսկ ինչ վերաբերում է երբևիցե Թուրքիա մեկնելուն, ասում է. «Ես երբեք չեմ ցանկանա նեղացնել իմ ժողովրդին: Թուրքիա եթե անգամ մի օր գնամ, դա կլինի միայն մեր ազգի պատիվը բարձրացնելու նպատակով: Մենք լիքը հայ ունենք Թուրքիայում ապրող, և միշտ գրում են, որ շատ են ինձ սպասում: Ես երազում եմ՝ ապրեմ և տեսնեմ այդ օրը, որ թուրքերը և հայերը դառնան հարազատ ընկերներ, և վերջապես ճանաչվի մեր ցեղասպանությունը: Կարծում եմ` դա կլինի մեր ու իրենց խելացի, ուժեղ, դուխով նոր սերունդների միջոցով: Խաղաղություն եմ երազում»:

Երգչի ներկայացրած երգերը բացառապես կոմերցիոն են, չցանկացավ նշել, թե որքան է պահանջում մի երգը կատարելու համար, միայն կատակով ասաց. «Եթե ասեմ՝ որքան գումար եմ աշխատում, հարկայինը հետևիցս կընկնի: Եթե երգերս կոմերցիոն չլինեն, ո՞վ է լսելու կամ էլ գալու համերգներիս: Ես միայն երգով եմ գումար վաստակում»:

Այն հարցին՝ արդյո՞ք իր երեխաները լսում են նրա երգերը, կրկին կատակում է. «Աղջիկս և տղաս շատ են սիրում իմ երգերը, ես էլ միշտ կատակով ասում եմ` կարգին բաներ լսեք»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել