Զինված ապստամբության շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության՝ քաղաքացիական անհնազանդության, միջոցով հաղթանակի հասնելու համար։

Այս մասին նշված է ՊՊԾ գնդի գործով մեղադրվող զինված խմբի հայտարարության մեջ:

Զենքը վայր դնելիս մենք հայտարարեցինք, որ քայլը ժողովրդինն է։ Երկու տարին չլրացած՝ մեր իմաստուն ու արժանապատիվ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և նրա ընկերների հմուտ առաջնորդությամբ ոգի առավ, միասնացավ, ոտքի կանգնեց, քայլ արեց ու հրաշք հաղթանակով շահեց «Քաղաքացիական Սարդարապատը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զինված խմբի անդամները հայտնում են, որ իրենց որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։

«Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։ Մեր բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում հետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ  շարունակել ազգային-ազատագրական պայքարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել