Երեկ հայտնի դարձավ, որ Թավշյա հեղափոխության լիդերներից մեկը՝ Դավիթ Սանասարյանը, նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ։ Սանասարյանը բավականին երկար ժամանակ հերքում էր իր՝ որևէ պաշտոնում նշանակվելու հավանականությունը՝ հայտարարելով, որ չի հավակնում որևէ պաշտոնի։ «Եթե ուզենայի, վաղուց կնշանակվեի»,- պնդում էր նա։ Եվ ահա, ինչպես և ենթադրվում էր, Սանասարյանը նշանակվեց, ընդ որում՝ բավականին ազդեցիկ ու կարևոր պաշտոնում, որտեղ կա՛մ պիտի անվերապահ հաջողել, կա՛մ տանուլ տալ ու պատրաստ լինել ամենավատ տարբերակին, որովհետև, փաստացի, դա մի կառույց է, որի ձեռքի տակով է անցնում պետական եկամուտների մուտքն ու ելքը, այն եկամուտների, որի մասին շատ հաճախ խոսվում է, որ գրպանել է նախորդ վարչակարգը։

Դավիթ Սանասարյանն անաչառ, սկզբունքային մարդ է։ Կամ ԷՐ, մինչ այս պաշտոնի նշանակումը։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Շատերը կարող են հիմա ինձ մեղադրել, թե, դեռ ոչինչ չարած, մեղադրում եմ Դավիթին, բայց իմ մեղադրանքը ոչ թե նրա՝ կոռուպցիոն էության մասին է խոսում, այլ գլխավորապես որպես քաղաքական գործչի՝ տվյալ դեպքում՝ անսկզբունքայնության։ Եղբայր ջան, լավ ես անում, որ գնում ես ղեկավարելու շատ կարևոր հիմնարկ, բայց ինչո՞ւ ես այդ դեպքում հայտարարում, որ ոչ մի պաշտոնի չես հավակնելու։ Ի վերջո, պոպուլիզմն ու սնոտիությունն էլ պետք է չափ ու սահման ունենան։ Ո՞ւմ էիր զարմացնում, կամ մի՞թե համազգային պսիխոզը կլանել է ձեզ ամբողջովին։ Ինչո՞վ ես դու տարբերվում, ասենք, ոչ վաղ անցյլալում հայտնի Սերժ Սարգսյանից, որը նույնպես ոչ պակաս բարի դեմքով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում էր, որ չի պատրաստվում երրորդ անգամ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը։ Արեց, դրժեց խոստումը, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ նրա հետ։ Հիմա ինչո՞ւ էիր նախօրոք հայտարարում, թե որևէ պաշտոնի չես հավակնելու։ Քավ լիցի, խոսքը նրա մասին չէ, թե ինչու ես զբաղեցրել առհասարակ, խոսքը քո քաղաքական վարքաբանության մասին է, որը, որպես ֆեյսբուքյան հասարակ օգտատեր ու քաղաքացի, ինձ մոտ, դեռ պաշտոնավարումդ չսկսած, մեղմ ասած՝ կասկածներ հարուցեց։ Ստացվում է, որ դու այդպես չէիր ուզում, ոչ մի կերպ չէիր ուզում, բայց քեզ ստիպեցին, խնդրեցին, թախանձեցին, դե, դու էլ ամոթու գյորա գնացիր։ Եվ եթե այդքան հեշտ է քեզ համոզել պաշտոնիդ էության հետ կապված, տեղին չեն մի՞թե իմ մտահոգությունները, որ հետագայում նույնպես քեզ համոզելով կարող են մարդիկ պետությունից մեծ գումարներ դուրս գրել ու վատնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել