Դերասանուհի Գայանե Ավետիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Միացյալ Էմիրություններում: Գայանեի ճանապարհորդական պայուսակի մեջ երեք կարևոր իր անպակաս է լինում՝ սպորտային հարմարավետ կոշիկ, շպարի պարագաներ, ինչպես նաև սիրելի օծանելիքը: Գայանեն BlogNews.am-ին տրամադրել է հանգստի ընթացքում արված լուսանկարները և մի քանի մանրամասն պատմել: 

«Եկել եմ առաջին հերթին ընկերուհուս տեսնելու, ում երկար ժամանակ չէի տեսել: Հանգստիս օրերը վայելում եմ ծովափում: Փորձում եմ հանգստանալ, քանի որ շատ երկար ժամանակ չէի հանգստացել աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Նկարահանումներն ավարտվելուն պես մեկնեցի, քանի որ իսկապես հանգստի կարիք ունեի»,- պատմում է Գայանեն:   

Արդեն երկու շաբաթ է՝ Դուբայում է, երեք օրից վերադառնում է: Գայանեն հաճախ է հանգստանում Դուբայում։ Ասում է՝ շատ հուշեր ունի այս քաղաքի հետ կապված. «Նախկինում քույրս էր ապրում այստեղ, ես էլ ժամանակին աշխատում էի այստեղի թատրոնում: Հիմա արդեն քույրս Կանադայում է, բայց ես այստեղ ունեմ շատ մտերիմ ընկերուհի. եկել եմ նրան այցելելու և հանգստանում եմ նրա և նրա հրաշալի ընտանիքի հետ միասին»:

Դերասանուհին էքստրիմի սիրահար չէ, դրա առկայության դեպքում հանգստից ոչինչ չի հասկանում․ «Սիրում եմ բնություն, որից ներդաշնակություն և խաղաղություն եմ ստանում: Դեռ մի քանի օր էլ շարունակելու եմ վայելել ինքս ինձ հետ ժամանակը, չունեմ ոչ մի մտահոգություն և աշխատում եմ այդ խաղաղությունը պահել: Գիտեմ, որ այս ընթացքում կծնվեն նոր բանաստեղծություններ, առաջիկայում ունեմ շատ հետաքրքիր երգեր, որոնք դեռ կիսատ են: Կարծում եմ՝ եթե ներաշխարհը խաղաղված է, ստեղծագործող մարդը կարող է գեղեցիկ ստեղծագործություններ գրել․ ինձ մոտ հիմա այդ հոգեվիճակն է»: 

«Լավագույն հանգիստն այն է, երբ ընտանիքիդ հետ ես, լավագույն զվարճանքը, երբ ընկերներիդ հետ հանգստանում ես։ Ես այս երկուսը կարողանում եմ տարանջատել: Երբ միայն ընկերներիդ հետ ես, մտածում ես ընտանիքիդ մասին և կարոտում ես, իսկ երբ ընտանիքիդ հետ ես, հակառակն է: Առհասարակ, ամենալավը, երբ ընտանիքիդ հետ ես և հնարավորություն ունես ընկերներիդ տեսնելու: Դա, կարծում եմ, ամենակատարյալ տարբերակն է»:

Զրույցի վերջում Գայանեն նշեց, որ նոր առաջարկներ ունի, բայց վերջնական որոշումը կկայացնի արդեն վերադառնալուց հետո. «Երբ արդեն նորություն լինի, և որևէ նախագծին համաձայնություն տամ, կխոսեմ դրա մասին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել