Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Դ. Փախչանյանը ներկայացրեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին նախագիծը, որով հիմնադրվում է ՊՆ ենթակայությամբ գործող ռազմատեխնիկական, գիտահետազոտական ինստիտուտ:

Ըստ նախագծի, ինստիտուտը կնպաստի բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցունակ ու ճանաչված արտադրող դառնալուն: Որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազամարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց փոխնախարարին, արդյո՞ք այս ինստիտուտը հիմնադրելով դադարեցվելու է համագործակցությունը մասնավոր սեկտորի հետ: Փախչանյանը նշեց, որ ինստիտուտը միայն նախագծերի մարտավարական մշակումներով է զբաղվելու, հանդիսանալու է օղակ, որը ձևակերպելու է հստակ առաջադրանքներ, համակարգելու է աշխատանքները, այսինքն լինելու է ոչ թե փոխարինող, այլ` լրացնող օղակ:

«Ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ այս ինստիտուտի հիմնադրմամբ մենք ռազմաարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն ենք ստեղծում, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները, կձևակերպի պահանջները, որոնք մենք ունենք»,- հարցրեց վարչապետը: Փոխնախարարը նշեց, որ դա այդպես է: Որոշումն ընդունվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել