Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ:

Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձել է Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»:

Պատարագիչը խոսել է նաև ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարևորության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել