Panorama.am-ը գրում է.

Հայաստանում փոքրամասնության կառավարության ձևավորումը գրեթե անհնար է: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներից, իհարկե, կարող է կառավարություն կազմել, բայց այն երկար չի դիմանա:

Իսկանդարյանը նշեց, որ Փաշինյանը ռեալ քիչ կադրեր ունի, նրա կողմնակիցներից շատերը «հանրահավաքային» մարդիկ են, սակայն հարց է՝ ինչպես են կառավարելու, հետևաբար հին իրականությունից ինչ-որ բան պետք է պահպանել: Քաղաքագետը նշեց՝ Փաշինյանի պայքարին միացողներն ինչ-ինչ հավակնություններ ունեն:

«Պարզ է՝ Փաշինյանին գեղեցիկ աչքերի, ուսապարկի ու գլխարկի համար չեն աջակցել, այլ պատճառներ կան, դրանք համաձայնություններն են, երաշխիքները, այդ մարդկանց կամ այն անձանց, ում նրանք կառաջարկեն, էլիտայում ինչ-որ տեղերի տրամադրումը: Իհարկե, սա չի նշանակում, որ այդ երաշխիքները կբավարարվեն, սակայն նախնական փուլում պետք է դա անել»,- ասաց նա:

Իսկանդարյանը նշեց, որ Փաշինյանին փոփոխություններ կատարելու համար պետք է խորհրդարանի հենարանը, մինչդեռ նրա «անձնական» հենարանը մի քանի հոգի են, մյուսները հենարան են՝ ինչ-որ բանի փոխարեն: Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանի ուժը փողոցն է, նա դրա օգնությամբ ճնշում է անգամ կառավարական կառույցներից, և դա շատ լայն աջակցություն է:
Անդրադառնալով հետագայում կայանալիք արտահերթ ընտրություններին և դրանց կուսակցությունների մասնակցությանը՝ նա ասաց, որ Հայաստանի կուսակցական համակարգը փլվել է ու այլևս այն տեսքը չունի, ինչ ուներ մի ամիս առաջ:

Ըստ Իսկանդարյանի՝ Հանրապետականը եթե մնա էլ, սկզբունքորեն այն տեսքով չի մնա, ինչպես այժմ, «Ելք»-ը կպահպանվի միասնակա՞ն տեսքով, թե՞ ոչ, դժվար է ասել: Ընդդիմադիր ուժերից շատերն, ըստ քաղաքագետի, այս պայքարի ընթացքում կամ չէին երևում, կամ եթե երևում էին՝ տասներորդական տեղում էին, կամ նրանց վտարում էին. սա չի նշանակում, թե այդ մարդիկ նորից չեն հայտնվի, բայց թե նրանք որքանով լուրջ դիրք կգրավեն, հարց է:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել