ՀՀ Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 27-ին ՌԴ պատգամավորներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նույն օրը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու հանձնաժողովի անդամներ: Կայացել է նաև ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլայ Ռիժկովի ու հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Ապրիլի 28-ին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորների հետ հանդիպել են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարևորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության և օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել