Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչը և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։

Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին։

Հրաչ Ռոստոմյան
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել