Այն քաղաքական դպրոցը կամ կուրսերը, որն անցնում է հասարակությունը վերջին 20-25 տարում, տվել է իր արդյունքը: Հայաստանը կամաց – կամաց մոտենում է կառավարման ժողովրդավարական մոդելի միջազգային չափանիշներին: Առանց թվացյալ չակերտների, քանի որ անկեղծորեն հավատացած եմ, որ այդպես է:
Ժողովրդավարության էությունը մեթոդն է` ընտրությունները: Դա բազմաթիվ պարամետրերից բաղկացած գործընթաց է, որոնցից մի քանիսն ունեն գերակշիռ նշանակություն:
1. Քաղաքական ընտրության հիմքում շահն է:
2. Ընտրություններին որոշիչ նշանակություն ունի կապիտալը ուղիղ, երբեմն քաղաքական իմաստով:
3. Այդպես է ամենուրեք: Ինչքան արևմուտք, այնքան որոշակի:
Սրանց ապացուցման արգումենտները բոլորին էլ հայտնի են:
Խոսքն այստեղ, մեզանում գոյություն ունեցող թյուրիմացությունների մասին է:
Եթե ղեկավարվում ես շահերով, ապա հիմարություն կլիներ բացառել առևտուրը, իսկ առանց կապիտալի` «նաև քաղաքական», չկա առևտուր:
Այժմ «собственно» թյուրիմացությունների մասին
Թյուրիմացություն 1
Այս իշխանությունները չեն մտածում ժողովրդի մասին, իսկ այ սրանք մտածում են:
Դեռ թողնենք «ժողովրդի մասին մտածելու» անհեթեթությունը: Նույնիսկ տեսականորեն այդպիսի բան հնարավոր չէ: Իշխանության գլխավոր ֆունկցիան, գուցեև միակ, պետության մասին մտածելն է: Այդպես եղել է միշտ: Մի՞թե Իվան Ահեղն ու Ֆրանկլինը, Բիսմարկն ու Ստալինը մտածում էին ժողովրդի մասին: Ոչ, գրողը տանի, նրանք պետություն էին ստեղծում: Բայց չէ՞ որ նրանց պաշտում էին: Ահա թե ինչն է Տեսությունը: Մեր հասարակությունը նույնացնում է իշխանությունն ու պետությունը: Սպասել, որ որևէ մեկը կմտածի մեր բարեկեցության մասին, խոսում է միայն մեր գիտակցության անմխիթար վիճակի մասին:
Թյուրիմացություն 2
Ընտրենք լավագույնին:
Տխմարություն է: Եթե լավագույնն արդեն հայտնի է, ապա միայն աննորմալը կարող է այլ բան անել: Իսկ եթե դեռ հայտնի չէ, ուրեմն ո՞վ կարող է պնդել, որ սա լավն է, առավել ևս լավագույնը: Ընդհանրապես ընտրությունն իմաստ ունի միայն մի դեպքում` գտնել բազմաթիվ վատերից ամենաքիչ վատը, որին էլ անվանում ենք լավագույն: Ահա սա է բացատրությունն այն բանի, թե ինչու երբեմն ընտրում ենք մի բան, որի մասին բազմիցս ասած ենք եղել, թե զզվում ենք դրանից:
Թյուրիմացություն 3
Խառնում ու շփոթում ենք գիշերանոթն ու Մեծ Պասը:
Շուկայում գործում են շուկայական օրենքները, իսկ եկեղեցում՝ կրոնական: Հասկանալի է, որ ոչ մեկի մտքով չի անցնի նույնացնել դրանք, մանավանդ, որ դրանք իրար նկատմամբ առավելապես ալտերնատիվ են: Իսկ մենք ի՞նչ ենք անում, այո, այո, խառնում ու շփոթում ենք ամեն ինչ` թող նա այդպես չվարվի, թող այդքան ցինիկ չպահի իրեն, թող իմ ուզածով լինի, հետո՞ ինչ, որ նրանց ձեռք չի տալիս: Այդպես ենք անում մեկ մարդու պես:
Թյուրիմացություն 4
Քաղաքականությունը կեղտոտների կեղտոտ գործ է:
Ազնվությունը քաղաքականության մեջ և ազնվությունն առհասարակ նույնիմաստ չեն: Մենք ոչ մի դեպքում չենք դատապարտի այն պոկեր խաղացողին, ով կարողանում է բլեֆ անել, հակառակը` կգովենք: Չէ՞ որ դա խաղի կանոններով է: Իսկ ֆուտբոլում նույն բանն արդեն չի կարելի, մենք զզվում ենք սիմուլյացիա անողից: Քաղաքականությունը նույնպես խաղ է, այդ բառի դասական սահմանմամբ: Իհարկե, դա մեգա խաղ է` երբեմն ճակատագրական նշանակությամբ: Այն ունի իր կանոնները, որոնք մարդկությունը մի գլուխ հղկում է: Ազնվությունը քաղաքականության մեջ այդ կանոններն իմանալու և նրանցով առաջնորդվելու մեջ է, ոչ ավելին:

Եզրակացություններ
1. Մեզ մոտ տեղի ունեցող գործընթացներն ըստ էության տեղավորվում են կառավարման ժողովրդավարական մոդելի մեջ միայն թե`
ա/ Ամեն ինչ կատարվում է ոչ բավարար վարպետությամբ, կոպտորեն ու առանց քողարկման
բ/ Հասարակության տեղեկությունները կանոնների մասին անբավարար են
գ/ Յուրաքանչյուրն ունի կանոնների իր անձնական տարբերակը, որը քիչ առնչություն ունի իսկականի հետ:
2. Կարևորագույն կանոններից մեկը ընտրարշավում քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորություններ ապահովելու կարողությունն է: Սա ակնհայտորեն կարողացել է անել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այս կանոնն այլևս յուրացվել է հասարակության կողմից:
3. Մնացել է մի 21 - 74 կանոն, նայած…
Հ. Գ.
Հիշենք Չերչիլին, որն ասում էր, թե ժողովրդավարությունը կառավարման հիմար մոդել է, բայց առայժմ լավագույնն է եղածներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել