Այսօր՝ ժամը 17։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային  համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

2 տուժած կեսօրից հետո ընդունվել  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին և վերին վերջույթների փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշումով: Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

Եվս 1-ի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն ոստիկանները կազմակերպել են տաքսի ծառայությամբ։ Առիթմիա  ունեցող քաղաքացու  վիճակը հանրահավաքի ժամանակ սրվել է։  Իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ:  Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

ԱՆ-ից հայտնում են նաև, որ առավոտյան  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ընդունված լրագրողը դուրս է գրվել:                  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել