Tert.am-ը գրում է.

Բաքվում մեկնարկած Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հերթական արարողակարգային հանդիպումն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Շարքային այց էր, որի ընթացքում Իրանի նախագահի կողմից հնչեցվել են բավականին հետաքրքիր հայտարարություններ՝ հատկապես կապված Արցախյան հիմնախնդրի հետ: Շատ կարևոր է, որ Իրանի նախագահը Բաքվում էլ հատուկ շեշտադրել է Արցախի հիմնախնդրի խաղաղ և քաղաքական ուղով կարգավորման կարևորությունը և դրան այլընտրանք չլինելու հանգամանքը, ինչը կարծես թե չի տեղավորվում Ադրբեջանի իշխանությունների տրամաբանության մեջ, եթե հաշվի առնենք, որ Բաքվի բռնապետը պարբերաբար թե՛ բռնատիրական հայտարարություններով է հանդես գալիս Արցախյան հիմնախնդրի հետ կապված, թե՛ զանազան հավակնություններով է հանդես գալիս Հայաստանի Հանրապետության տարածքների հետ կապված»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանը նկատեց՝ Ռոհանի-Ալիև հանդիպմանը Ադրբեջանը քարոզչական միջոցներով փորձում է կարևորություն հաղորդել: Նա նկատեց, որ անգամ հանդիպմանն ակնկալվող՝ Կասպից ծոցի կարգավիճակի շուրջ համաձայնության մասին լուրերն էին քարոզչություն:

«Այս հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն չկա: Կասպից ծոցի կարգավիճակի վերաբերյալ կողմերն ունեն շատ տարբեր դիրքորոշումներ: Համաձայնության մասին կարող ենք խոսել, եթե տեսնենք, որ այդ որոշման մասին փաստաթուղթ կա: Նման փաստաթուղթ չկա»,- ասաց նա:

Խոսելով Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների մասին՝ Վարդան Ոսկանյանը նկատեց՝ իրանական քաղաքական վերնախավն ընտրել է ուղեգիծ՝ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունն առնվազն չափավորելու, լավագույն դեպքում վերացնելու առումով, և այդ ուղիներից մեկն Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ստեղծումն է:

«Եթե մենք խոսենք երկաթուղային համագործակցության մասին, ապա այստեղ էլ կտեսնենք, որ խնդիրը վերջնական լուծված չէ: Խոսք է գնում Ադրբեջանի կողմից վարկային միջոցների տրամադրման մասին, բայց դրա վերաբերյալ էլ դեռ վերջնական որոշում չկա: Թե ինչ կլինի հետագայում, արդեն այլ խնդիր է: Ադրբեջանն ինքն ունի զգալի տնտեսական խնդիրներ, բայց դա, իհարկե, չպետք է մեզ ստիպի թերագնահատել ադրբեջանական հնարավորությունները»,- ասաց նա:

Իրանագետի խոսքով՝ հաշվի առնելով անգամ Ադրբեջանի հնարավորությունները՝ մենք չպետք է հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կապենք ադրբեջանաիրանական հարաբերությունների օրակարգի հետ:

«Դրանք զուգահեռ օրակարգեր են: Մեր հիմնական խնդիրը Իրան-Ադրբեջան տիրույթում որևէ հանդիպումից, որևէ պայմանավորվածությունից, որևէ գործարքից չի փոխվում. մեր հիմնական խնդիրը մեր ունեցած օրակարգը հնարավորինս լիարժեք և որակյալ կերպով իրացնելն է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել