Tert.am-ը գրում է․

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերին: Մասնավորապես, նախարարը հայտնեց, որ շուտով Հայաստանում կբացվի կարկտապաշտպան ցանցերի գործարան, ինչպես նաև նպատակ կա գյուղացիական տնտեսություններում ապահովագրության համակարգ ներդնելու. «Դրա համար մենք կստեղծենք ռեգիստր, որտեղ կգրանցվեն ֆերմերներ, և նրանք կստանան ապահովագրություն: Մեր գերխնդիրն է զարգացնել գյուղատնտեսությունը և մաքսիմալ կերպով նվազեցնել գյուղացիական տնտեսությունների վնասները, իսկ սրա համար ապահովագրությունն անհրաժեշտ է»,- նշեց նա: Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ ակցիզային հարկով պայմանավորված՝ դիզվառելիքի թանկացումը կսուբսիդավորվի պետության կողմից. մինչև 3 հա ֆերմերային տնտեսություններին 1 լիտր դիզվառելիքը կտրամադրվի 380 դրամով:

- Այս տարի բավականին տաք ձմեռ էր, ծառերը ժամանակից շուտ են բողբոջել: Այս տարի ցրտահարության ռիսկը մե՞ծ է, ի՞նչ աշխատանքներ են տարվում հնարավոր ցրտահարման դեպքում, գյուղացիական տնտեսությունները պատրա՞ստ են նման վտանգի դեպքում իրականացվող աշխատանքներին։

- Վտանգ միշտ կարող է լինել, որովհետև եղանակն ինքը փոփոխական է, և դա անվերահսկելի է: Բայց հաշվի առնելով այսօրվա կանխատեսումները՝ դեռ չունենք այդպիսի վտանգ, և հաշվի առնելով, որ մեր գյուղատնտեսությունն ունի տարիների մեծ փորձ՝ համոզված եմ, որ ֆերմերային տնտեսությունները գիտեն՝ ինչպես պայքարել ցրտահարության դեմ: Կիրառվող հիմնական մեթոդը ծխացումն է, այլ տարբերակ մենք չունենք, և իհարկե, շատ կարևոր է նաև ճիշտ այգեգործություն վարելը: Պարարտացումը պետք է ճիշտ լինի և կոմպլեքսով օգտագործվեն ազոտականը, ֆոսֆորականը և կալյումականը, որովհետև դրանք բույսին հզորություն են տալիս, բույսի առողջությունն են ապահովում, որը թույլ է տալիս նաև ինչ-որ չափով դիմակայել ցրտահարությանը: Այսինքն՝ կարճաժամկետ առումով չենք կարող ասել, որ վտանգ կա, բայց միշտ պետք է պատրաստ լինել ցանկացած փոփոխությունների:

- Մասնագետները բարձրաձայնում են կարկտապաշտպան ցանցերի ներդրման հարցը, այս մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում։ Այն բավական թանկ հաճույք է, սակայն միակ տարբերակն է, որը 100 տոկոսով պաշտպանում է այգիները կարկտահարությունից։

- Հիմա նախ կան ներմուծողներ, կա պետական ծրագիր, որը սուբսիդավորում է կարկտապաշտպան ցանցերի ներդրումն այգիներում: Եվ մենք ակնկալում ենք, որ շուտով գործարան կբացվի Հայաստանում, որը կարտադրի կարկտապաշտպան ցանցեր: Սա թույլ կտա նվազեցնել գինը՝ ներկրվածի համեմատ: Մենք ներդրողների հետ քննարկել ենք, որ և՛ խաղողի, և՛ ինտենսիվ, և՛ ավանդական այգիների համար նույնպես կարտադրվի հակակարկտային ցանց, որը, մեր կանխատեսումներով, բավականին մատչելի կլինի:

- Տվյալներ ունե՞ք, թե այժմ հանրապետության քանի տոկոսն է ապահովված հակակարկտային ցանցով:

- Շատ քիչ, հիմնականում ինտենսիվ այգիներն են, որ ծածկված են: Կարող է մոտ 500 հազար հեկտարի չափով տարածք ծածկված լինել, որն ընդհանուրի մեջ մեծ թիվ չի կազմում: Նաև որոշ խաղողի այգիներ են ծածկված, որտեղ հիմնականում բարձրարժեք խաղող են արտադրում: Սրանք մեծ ծավալ չեն կազմում, և մենք այստեղ մեծ հնարավորություն ունենք, որ մեր այգեգործությունը, խաղողագործությունը դառնան ավելի արդյունավետ և անվտանգ:

- Իսկ պետության սուբսիդավորումը քանի՞ տոկոս է կազմում:

- Գյուղացիներին վարկը 2 տոկոսով է տրամադրվում, 7 տարի ժամկետով:

- 2018 թ.-ի հունվարի 1-ից դիզվառելիքի գինը բարձրացել է շուկայում, այն կարող էր խնդիրներ առաջացնել ֆերմերների համար: Նախարարությունում այս մասով, եթե չեմ սխալվում, սուբսիդավորման ծրագիր է մշակվել, խնդրում եմ ներկայացնել ծրագրի պայմանները։

- Ծրագիրն արդեն հաստատվել է, սուբսիդավորման գինը լինելու է 380 դրամ, այսինքն՝ գյուղացուն 1 լիտր դիզվառելիքը տրամադրվելու է 380 դրամով, մնացածը սուբսիդավորելու է պետությունը: Տրամադրվելու է մինչև 3 հա հողատերերին, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Եվ պայմանն ուղղակի այն է, որ ապառիկ չի տրամադրվում, այլ տրամադրվում է գումարի դիմաց: Այսինքն՝ մարզկենտրոնը հավաքագրում է բոլոր ցանկացողների ցուցակը, գումարը փոխանցվում է հաղթող ճանաչված մատակարարին, և նա տրամադրում է դիզվառելիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել