Ջրային պաշարների անկախ փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հանքարդյունաբերության պատճառով Հայաստանի ջրերը շատ աղտոտված են. պոչամբարները հաճախ չեն բավարարում իրենց ծավալով, գերլցված են լինում, նաև մթնոլորտային տեղումների միջոցով արտահոսք են ունենում, և աղտոտված ջրերը ներթափանցում են գետեր, իսկ գետերը սնում են ջրամբարները:

Նրա խոսքով՝ Հրազդան գետի վրա ամեն 100 մետրի վրա դրված է պոմպ, մարդիկ գետից վերցնում են ջուրն ու ջրում հողամասերը, իսկ այդ ջուրն աղտոտված է:

«Հայաստանում չկա մի գետ, որ մաքուր լինի: Ոռոգման համար օգտագործվող ջրերը պարունակում են թունավոր նյութեր, ծանր մետաղներ, որոնք ոռոգման միջոցով աղտոտում են հողը, իսկ հողից բույսն է վերցնում: Մեր հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ այն, ինչ բերում ենք ջրի հետ, դրա 75 տոկոսն անցնում է բույսի մեջ, հետագայում բնակչությանը:

Բացի այդ՝ մենք ունենք ձկնաբուծական ֆերմաներ, որոնք իրենց հետադարձ ջրերը նույնպես ուղարկում են գետեր և արդյունքում, օրինակ, Մասիսից բերված մանուշակները նախորդ տարի ձկան հոտ ունեին: Շատ անգամ բնակիչները բողոքում են, որ անգամ բանջարեղենը ձկան համ ունի»,- հայտարարեց մասնագետը՝ հավելելով, որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում այս բացասական գործոնները վերացնելու կամ մեղմացնելու ուղղությամբ:

«Ջրի սակավության պատճառով չափազանց շատ ջուր օգտագործեցինք Արարատյան դաշտի արտեզյան ջրերից, որի հետևանքով կարող ենք այդ ջրավազանը կորցնել: Նույնը վերաբերում է Սևանին. ամեն տարի կառավարությունը մտնում է ԱԺ՝ Սևանից ջուր բաց թողնելու հարցով: Իսկ քանի որ ջրամատակարարման համակարգը բարվոք վիճակում չէ, Սևանից բաց թողնված ջրի միայն 25 տոկոսն է հասնում դաշտերին, մնացածը կորչում է»,- ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել