«Հայաստանը շարունակում է հետևողականորեն մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից: Երեկ տեղի է ունեցել տարածաշրջանի չորս պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ քննարկման հիմնական թեման եղել է «Հարավ-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը:

 

Մասնավորապես նախատեսված է ստեղծել 5311 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը հնարավորություն կստեղծի բեռներ տեղափոխել Հնդկաստանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ` անցնելով Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի տարածքով:

 

Այլ կերպ ասած` Հայաստանի անմիջական հարևան երկրները տրանսպորտային հաղորդակցության ընդլայնման ուղղությամբ ծրագրեր են կազմում` փորձելով կապել արևելքն ու արևմուտքը: Բայց արի ու տես, որ այդ համագործակցության արդյունքում գնալով ավելի ու ավելի է խորանում Հայաստանի մեկուսացումը. ի վերջո, տնտեսական այդ ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ:

Իսկ թե ՀՀ-ն ինչ է այս ամենին հակադրում, բացի հարևան պետություններին չարախնդալուց և ԵՏՄ-ի անդամ լինելով ԵՄ-ի հետ համագործակցելու մասին հեքիաթներ պատմելուց, պարզ չէ:

 

Համենայն դեպս, ՀՀ-ն չի փորձել հարևան երկրներից թեկուզ Վրաստանի և Իրանի հետ, որոնց հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, որևէ նման ծրագիր իրականացնել: Իսկ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, որի շինարարությունն ընթանում է տևական ժամանակ, նույնիսկ առաջիկա տարիներին չի պատրաստվում ավարտվել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանի տնտեսական մեկուսացման խնդրին: Նաև տեղեկացրել ենք, որ նախորդ տարի էլ շահագործման հանձնվեց Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղին: Ու հիմա սրա կողքին առաջիկայում ականատես կլինենք ևս մեկ տրանսպորտային միջանցքի: և ակնհայտ է` Հայաստանը կշարունակի տարածաշրջանային ծրագրերից մեկուսանալ, քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնահարցը, քանի դեռ չի հաստատվել խաղաղություն, և հարևան պետությունները չունեն բարիդրացիական հարաբերություններ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել