168.am-ը գրում է.

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (ՍԻՊՐԻ) մարտի 12-ին նոր զեկույց է հրապարակել սպառազինությունների համաշխարհային առեւտրի վերաբերյալ: Դրանում նշվում է, որ 2013-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակաշրջանում այդ բնագավառում հիմնական արտահանողները եղել են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը։

Ամենախոշոր մատակարարներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, Ֆրանսիային եւ Գերմանիային, բաժին է ընկել սպառազինությունների վաճառքների ընդհանուր ծավալի 74 տոկոսը, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին՝ միասին վերցրած՝ 56 տոկոսը: Փաստաթղթում բերված տվյալների համաձայն, 2000-ական թվականների սկզբից զենքի վաճառքներն աշխարհում անշեղորեն աճել են: 2013-2017 թվականներին դրանք 2008-2012 թվականների համեմատությամբ ավելացել են 10 տոկոսով: Սակայն տարբեր տարածաշրջաններում դրությունը միատեսակ չէ:

Եթե Ասիայի եւ Օվկիանայի երկրներում ռազմական մատակարարումների ծավալները 2008-2012 եւ 2013-2017 թվականներին մեծացել են, ապա Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում դրանք որոշակի կրճատում են արձանագրել: 2013-2017 թվականներին Ռուսաստանի բաժինը կազմել է սպառազինությունների գլոբալ արտահանման 22 տոկոսը, նշված ժամանակաշրջանում վաճառքները 2008-2012 թվականների համեմատությամբ կրճատվել են 7,1 տոկոսով:

Միացյալ Նահանգների բաժինը կազմել է 34 տոկոս, ինչը 2013-2017 թվականներին 2008-2012 թվականների համեմատությամբ նրա ռազմական արտահանման աճ է նշանակում 25 տոկոսով: Այդ ժամանակաշրջանում ամերիկացիները զենք են մատակարարել 98 երկրների. դրա 49 տոկոսը բաժին է հասել Մերձավոր Արեւելքի պետություններին:

Ֆրանսիան 2013-2017 թվականներին 2008-2012 թվականների համեմատությամբ զենքի արտահանման աճ է արձանագրել 17 տոկոսով, իսկ Գերմանիայի արտահանումն ընկել է 14 տոկոսով, չնայած մերձավորարեւելյան երկրներին դրա վաճառքներն ավելացել են 109 տոկոսով: Չինաստանը, որն սպառազինությունների հինգերորդ խոշորագույն արտահանողն է, 2013-2017 թվականներին 2008-2012 թվականների համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացրել Է 38 տոկոսով: Նրա արտադրանքի գլխավոր ստացողը դարձել է Պակիստանը:

Աշխարհում զենքի ամենախոշոր գնորդը 2013-2017 թվականներին դարձել է Հնդկաստանը, որին բաժին է ընկել համաշխարհային ծավալի 12 տոկոսը: Նախորդ շրջանի համեմատությամբ նրա ներմուծումն ավելացել է 24 տոկոսով:

2013-2017 թվականներին Սաուդյան Արաբիան եղել է աշխարհում սպառազինությունների երկրորդ խոշորագույն ներկրողը (10 տոկոս)՝ 2008-2012 թվականների համեմատությամբ գնումների ծավալն ավելացնելով 225 տոկոսով: Նրան հաջորդող Եգիպտոսը (4,5 տոկոս) ռազմական արտադրանքի ներմուծումն ավելացրել է 215 տոկոսով: Չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրությունները (4,4 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել