Եթե Գոայի Կաբո Դե Ռամա ծովափից առավոտյան ժամը 7-ից ձայներ չեն լսվում, ուրեմն՝ նշանակում է, որ Seaside Startup Summit India, Goa-ն մոտեցել է իր ավարտին:

Արդեն սամմիթի 5-րդ օրն է, և միջոցառման մասնակիցները միասին հավաքվել են բեմի մոտ վերջին անգամ: Կարճատև զրույցից հետո որոշ ստարտափներ բարձրացան բեմ, որպեսզի իրենց խոսքն ուղղեն միջոցառման կազմակերպիչներին, կիսվեն իրենց զգացողություններով և գաղափարներով: Հետաքրքիրն այն է, որ բոլորը միաբերան խոսում էին Սիսայդ ստարտափ սամմիթն իրենց երկրորդ տունը համարելու մասին: «Այստեղ բոլորը քրտնաջան աշխատում են, որպեսզի ապահովեն մասնակիցներին անհրաժեշտ պայմաններով: Վրանը, որտեղ դու բնակվում ես, դառնում է քո տունը, որտեղ դու ապրում ես, ուտելիք պատրաստում և շատ ու շատ բաներ սովորում»:

Շատ հաճելի և միևնույն ժամանակ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Սիսայդ ստարտափ սամմիթն աշխարհայացքներ և կյանքեր փոխում: Եթե մինչև միջոցառումը մասնակիցները, հնարավոր է, շատ ուշադրություն չէին դարձրել կանոնակարգերի, թիմային աշխատանքի և պատրաստվածության բարձր մակարդակ ունենալու կարևորությանը, ապա փոփոխությունն արդեն իսկ ակնհայտ է: Եւ դա լավագույն գնահատականն է, որը կարող է ստանալ Սիսայդ ստարտափ սամմիթի կազմակերպչական թիմը:

Չնայած որ միջոցառումը մոտենում էր իր ավարտին, մասնակիցները սպասում էին իրենց վերջին ելույթին՝ հաղթողների շարքում իրենց տեղն ապահովելու համար: Ըստ սամմիթի ձևաչափի՝ կա երկու նոմինացիա՝ Big Startups  Battle-ի հաղթողներ (մրցույթ՝ բիզնեսի նախնական փուլում գտնվող ստարտափների համար) և Field Battle որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող ստարտափների համար:

Վերջին օրվա ընթացքում մասնակիցները նաև հասցրին մասնակցել ևս 3 քննարկման, և վերջապես սկսվեց փակման պաշտոնական արարողությունը՝ ամենասպասված պահը ողջ օրվա ընթացքում: Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծարգո պարոն Արմեն Մարտիրոսյանը և Գոայի Հասարակության հետ կապերի ծառայության քարտուղար Ամեյա Աբյանկարը նույնպես մասնակցեցին փակման արարողությանը: Պարոն Մարտիրոսյանն իր հերթին զրուցեց ստարտափների հետ իրենց ապագա պլանների մասին: Հյուրերի ցանկում էր ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալԿարեն Գևորգյանը:

Միջոցառման կազմակերպիչներ Հակոբ Հակոբյանը (Startup Armenia Foundation), Անիլ Չիկարան (Startup India Foundation) և Տրիպտի Շանխալն իրենց փակման խոսքն ուղղեցին մասնակիցներին: Միջոցառման մասնակիցները, գումարային շահումներից բացի, արժանացան տարբեր մրցանակների: Արարողությունը տարբերվում էր իր էներգետիկայով մնացած փակման արարողություններից: Startup Armenia հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, որպես հարգանքի նշան ուղված հնդկական մշակույթին, բեմ էր բարձրացել հնդկական ազգային հագուստով: Հնդկական թիմերն իրենց հերթին պատրաստել էին հետաքրքիր պարային համար: Միջոցառումն ավարտվեց բարձր երաժշտությամբ և պարերով:

Seaside Startup Summit India, Goa-ն կարևոր դեր խաղաց շատ ու շատ մասնակիցների կյանքում: Այս օրերի ընթացքում նրանք հասցրին միասին կյանք ապրել, առօրյա կիսել, մասնակցել դասախոսությունների, միմյանցից սովորել, կիսվել փորձով, և իհարկե, ուրախ ժամանց անցկացնել: Միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալ հնդկական և համաշխարհային շուկային, ձեռք բերել գործընկերներ, ստանալ ներդրումներ, սամմիթի հիմքում ընկած է նորարարական զարգացման գաղափարը տեղական և համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի համար: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ-ի և Հնդկաստանի կառավարությունների աջակցությամբ: Մրցանակային ֆոնդը հասել է 22.000 ԱՄՆ դոլարի, իսկ ընդհանուր մրցանակների թիվը գերազանցել է 50.000 ԱՄՆ դոլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել