1.80 հասակը Լուսինե Թովմասյանի միակ առավելությունը չէ։ Մոդելը շատ էմոցիոնալ է և շուտ հուզվող, չնայած քչերն են դա տեսնում, քանի որ ժպիտը թաքցնում է մնացած բոլոր էմոցիաները: Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է դստերը՝ Արիանային: Պոդիումով քայլելիս միշտ ժպտում է, կարծում  է՝ դա հանդիսատեսի հետ շփման լավագույն տարբերակն է, նա դա չի կեղծում, ինչն էլ նրան լրացուցիչ գույներ և նրբագեղություն է հաղորդում:

Ինձ համար մոդելի աշխատանքը պարզապես հոբբի է

Այս աշխատանքով հաճույքով եմ զբաղվում: Բացի Հայաստանից՝ աշխատել եմ Միլանում, Տոկիոյում, Փարիզում, Անգլիայում։ Այդ ամենից հետո իմ մեջ ինչ-որ բան կարծես կիսատ մնաց, բայց ցանկություն չկար դրան վերաբերվելու որպես հիմնական աշխատանքի: Կարող եմ ասել՝ Վահան Խաչատրյանն էլ է իր մեծ դերն ունեցել իմ հետագա աշխատանքում, ամեն անգամ ասում էր՝ Լուսինե Թովմասյանն իմ մուսան է, իսկ ես մեծ հաճույքով մասնակցում եմ նրա ցուցադրություններին: Որտեղ ցուցադրություններ, այնտեղ էլ՝ գովազդներ, որտեղ գովազդներ, այնտեղ էլ՝ ֆոտոշարքեր: Ամենակարևորը՝ ամուսինս կողքիս է և միշտ մի բան է ասում․ «Եթե դա քեզ հաճույք է պատճառում, ապա պետք է զբաղվես»: Նա իհարկե հասկանում է, որ դա շարունակական չի կարող լինել: Գալիս է մի տարիք, որ ամեն ինչ ավարտվում է, և կարծում եմ՝ մինչև ավարտվելը ես այս բնագավառում կլինեմ, քանի որ դա ինձ հաճույք է պատճառում: 

Պատկերացրեք՝ հասցնում եմ համատեղել ընտանիքս և աշխատանքս

Եթե ինչ-որ բանի ցանկություն կա, հասցնելու խնդիր երբևիցե չես ունենում, կարևորը մեծ ցանկությունն է: Ծնողներիս, իսկ հիմա՝ նաև ամուսնուս կողմից ոգեշնչված լինելը մեծ դեր է խաղում: Յուրաքանչյուր ֆոտոշարքից հետո երեկոյան երբ մտնում եմ տուն, առաջինը հենց ամուսինս է նայում դրանք, և տեսնելով, որ նա էլ է հաճույք ստանում այդ ամենից, ես ավելի եմ ոգևորվում:

Դիզայներ Վահան Խաչատրյանն իր հագուստների առաջին նմուշները կարում է իմ չափսերով 

Քանի որ այս աշխատանքին որպես հոբբի եմ նայում, իմ ցանկությամբ եմ ընտրում թե՛ գովազդները, թե՛ դիզայներներին: Դա անում եմ զուտ իմ հաճույքի համար, իսկ Վահանի հետ վաղուց եմ աշխատում․ հագուստներս նրա մոտ էի պատվիրում, քանի որ ինձ շատ լավ հասկանում է: Ամեն անգամ նոր հավաքածու ստեղծելիս միշտ նրա կողքին եմ, նայում եմ, ոգևորվում եմ այդ ամենը տեսնելուց: Նրա ցուցադրություններից մեկի ժամանակ, երբ ես յոթ-ութ ամսական հղի էի, Վահանն ասաց՝ խնդրում եմ, բաց մի թող այս ցուցադրությունը և ներկա գտնվիր: Այդպիսի պահերին հասկանում ես, որ սա արվում է պարզապես ընկերության և հաճույքի համար: 

Չեմ համաձայնի առանց հոնորարի աշխատանքի

Աշխատանքի դիմաց ստացած հոնորարն իհարկե կապ ունի, ինչպես նաև առաջարկվող ապրանքանիշը, և ընտրությունն արդեն լինում է իմ ցանկությամբ: Հայաստանը և հայաստանյան շուկան մեծ չեն, այնպես չէ, որ առաջարկները շատ են, և ընտրելու հնարավորությունը մեծ է: Բնական է, որ հոնորարը կարևոր է: Կարծում եմ՝ բարձր վարձատրվող մոդելներից եմ, չնայած չգիտեմ, թե մյուսներն ինչ հոնորար են ստանում:

Մի անգամ աստիճաններից գլորվել եմ և ընկել բեմի վրա

Անհնար է առանց նման միջադեպերի: «Միսս ուսանողուհի» մրցույթի ժամանակ, երբ այն անցկացվում էր Համալիրի փոքր դահլիճում, բեմի վրա փոքրիկ անցքեր կային, և գորգ էին փռել, որպեսզի դրանք չերևային, իսկ երբ բարձրակրունկ ես հագնում, անհնար է ճիշտ քայլել: Ես աստիճաններից գլորվել եմ և ընկել բեմի վրա, բայց դա այնքան սովորական բնույթ պետք է կրի, որ դու պարզապես վեր կենաս և շարունակես քայլել: Հիշում եմ, ամբողջ դահլիճը ծափահարեց, և ես, ինչպես ասում են, մանթրաշ չէի: Ինձ համար պոդիումի վրա քայլելիս առաջնայինը ժպիտն է։ Շատ վաղ շրջանում, երբ «Միսս Հայաստան» էի դարձել, անսովոր էին մարդկանց հայացքները: Անսովոր էին, բայց հաճելի էին: Իսկ հիմա սովորական բնույթ են կրում։ Դա նորմալ է և պետք է այդպես լինի:

Երբ քեզ դուր է գալիս քո տեսքը, դու խնդիր չունես ավելորդ ֆոտոշոփի

Ես միշտ ֆոտոշարք անելուց առաջ լուսանկարչին խնդրում եմ քիչ ֆոտոշոփ անել, որովհետև դա սիրուն չէ, ես փոխվում եմ, ինձ սկսում եմ չճանաչել: Ընդհանրապես չունեմ դրա խնդիրը: Նիհարեցնելու խնդիր էլ չունեմ։ Երբ քեզ դուր են գալիս քո մարմինը, դեմքը, արդեն չունես այդպիսի պահանջ:

Ամուսինս ինձ ասում էր՝ ինչպես ես կարողանում այդ ամենը չնկատել

Ամուսինս շատ վաղուց է հարմարվել, որ ես ուշադրության կենտրոնում եմ: Գուցե սկզբնական շրջանում նրա համար անսովոր էր, և ինձ ասում էր՝ ինչպես ես կարողանում այդ ամենը չնկատել, բայց արդեն հինգ տարի է՝ սովորել է դրան:

Իմ և ամուսնուս նախասիրությունները նույն էին մինչ իրար ճանաչելը

Դահուկ քշել ես սկսել եմ 18-19 տարեկանից և եթե նույնիսկ չքշեի, նա ինձ կստիպեր, որ սովորեի: Այդ իսկ պատճառով դա դարձել է ընտանեկան ժամանցի մի միջոց, որն արդեն պետք է երեխային էլ սովորեցնենք:

Թփով դոլման ինձ մոտ հրաշալի է ստացվում

Չեմ կարող ստել՝ ասելով, որ շատ եմ սիրում խոհանոցը, քանի որ այնտեղ հանգստանում եմ, հաճույք եմ ստանում: Ես երբեք ինձանից չեմ կարող ինչ-որ ուտեստ հորինել։ Եթե կա արդեն գրված բաղադրատոմս, կարող եմ հստակ պատրաստել: Օրինակ՝ թփով դոլման ինձ մոտ հրաշալի է ստացում, բայց քաղցրավենիք չեմ կարող թխել: Եթե պետք է ամեն օր մտածեմ, թե ինչ պետք է եփեմ, որպեսզի քաղցած չմնանք, դա արդեն ստիպված կանեմ: Բայց իմ բախտը բերել է․ եթե ամուսնուս անգամ փոքրիկ աղցան տաս, շատ շուտ կարող է հագենալ:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան
Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի
Նկարահանումներն իրականացվել են Golden Palace Boutique hotel-ում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել