168.am-ը գրում է.

Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Չոն Ըհ Յոնը այս շաբաթ կայցելի ԱՄՆ, որտեղ երկրի ղեկավարությանը կտեղեկացնի ԿԺԴՀ իր ուղեւորության եւ նրա առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման արդյունքների մասին: Այդ մասին մարտի 7-ին հայտնել է նախագահի վարչակազմը:

«ԱՄՆ ուղեւորությունը կկայանա այս շաբաթվա ընթացքում»,-նշվում է փաստաթղթում: Դրա շրջանակներում Չոն Ըհ Յոնը նաեւ երկրի ղեկավարությանը կհանձնի ԿԺԴՀ-ի ուղերձը, որի բովանդակությունը չի հրապարակվում: Վաշինգտոն այցից հետո Մուն Չժե Ինի պատվիրակը կուղեւորվի Ռուսաստան եւ Չինաստան: Պատվիրակության մեկ այլ անդամը՝ Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Սո Հուն, կուղեւորվի Ճապոնիա:

Այդ երկրները Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ վեցակողմ բանակցությունների մասնակիցներ են: Մարտի 5-ին երկօրյա այցով Փհենյան էր ժամանել հարավկորեական պատվիրակությունը՝ նպատակ ունենալով ապահովել երկու պետությունների մերձեցումը եւ նպաստել ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ երկխոսությանը:

Պատվիրակության կազմում, մասնավորապես, ընդգրկվել են Չոն Ըհ Յոնը եւ Սո Հունը: ԿԺԴՀ ժամանելուց հետո նրանք Կիմ Չեն Ընի հետ չորսժամյա հանդիպում են անցկացրել Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնակայանում: Մարտի 6-ին պատվիրակությունն ավարտել է այցը եւ վերադարձել Հարավային Կորեա, Նույն օրը Սեուլում կայացած բրիֆինգում Չոն Ըհ Յոնը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները ցանկություն են հայտնել կասեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ժամանակաշրջանում:

Նա նաեւ նշել է, որ Փենյանը հարավկորեական պատվիրակության այցի ընթացքում հավաստել է Կորեական թերակղզու միջուկազերծման հանձնառությունը: «Հյուսիսկորեական կողմը պարզորոշ նշեց Կորեական թերակղզու միջուկազերծման իր հանձնառությունը՝ եւ հայտարարեց, որ ինքը միջուկային զենքի տիրելու հիմքեր չի ունենա, եթե երաշխավորվի ռեժիմի անվտանգությունը եւ վերացվեն ռազմական սպառնալիքները ԿԺԴՀ-ի համար»,- նշել է նա: Չոն Ըհ Յոնը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը հանդիպում կանցկացնեն այս տարվա ապրիլի վերջին:

Բացի այդ, Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են կապուղի հաստատել երկու ղեկավարների միջեւ՝ կոնսուլտացիաներ անցկացնելու եւ ռազմական լարվածությունը թուլացնելու նպատակով: Կողմերը նաեւ պայմանավորվել են առաջին անգամ հեռախոսազրույց անցկացնել գագաթնաժողովից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել