Tert.am-ը գրում է.
Ափսոս կլինի, եթե Սերժ Սարգսյանի արհեստավարժությունն ու փորձառությունը չօգտագործենք՝ նոր կառավարման համակարգի անցած երկրի, դեռևս նոր վարչապետական ինստիտուտի ձևավորման գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: «Եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ունենա այս պատասխանատվությունը վերցնելու իր վրա, մենք բոլորս պետք է շատ ուրախ և երջանիկ լինենք»,- նշեց նա:

- Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները իրենց խոսքում բազմիցս նշել են, որ Սերժ Սարգսյանին են տեսնում վարչապետի պաշտոնում, անկախ նրանից, թե գործող նախագահը ինչ է հայտարարել: ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջ շարժվի պետական շահով, պետք է կուսակցության որոշումներին ենթարկվի և այլն: Ձեզ համար ևս միանշանա՞կ է, որ Սերժ Սարգսյանի պետք է լինի վարչապետի պաշտոնում:
- Մենք կլինենք շատ ավելի ուժեղ պետություն, երբ ունենանք ճիշտ կադրային քաղաքականություն, հատկապես՝ կարևոր պատասխանատու  պաշտոններում: Սերժ Սարգսյանի թեկնածությունը իմ անձնական ցանկությունն էլ է, որովհետև նա աշխատել է երկրի համար պատասխանատու ոլորտներում, ղեկավարել է այդ ոլորտները՝ զինված ուժեր, ԱԱԾ, ունի կառավարման փորձ և բացի դա, նաև եղել է երկրի նախագահ: Այսինքն՝ գործադիրի, ընդհանուր կառավարման և երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մասով չեմ կարծում, որ կգտնենք ավելի գիտակ, ավելի մեծ փորձառություն ունեցող մեկին: Եթե մենք ուզում ենք, որ մեր բոլոր ծրագրերն ունենան շարունակություն և շարունակ խոսում ենք պրոֆեսիոնալիզմի, արհեստավարժ կադրերի մասին, ես ուղղակի արհեստավարժության տեսանկյունից շատ բարձր եմ գնահատում պարոն Սարգսյանի կարողությունները և նրա աշխատանքային փորձառությունը: Եվ ափսոս կլինի դա չօգտագործել՝ նոր կառավարման համակարգի անցած երկրի, դեռևս նոր վարչապետական ինստիտուտի ձևավորման գործում: Եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ունենա այս պատասխանատվությունը վերցնել իր վրա, մենք բոլորս պետք է շատ ուրախ և երջանիկ լինենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել