operativ.am-ը գրում է

Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա» առևտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրոյանի սպանության փորձի գործով դատավճիռը կհրապարակվի փետրվարի 26-ին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում փետրվարի 23-ին կայացած դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի պաշտպանը: Նա նույնպես միացավ մյուս պաշտպան Հունան Բաբայանի՝ նախորդ նիստում ներկայացված պաշտպանական ճառին և միջնորդեց արդարացնել 3 ամբաստանյալներին: Նշենք, որ մեղադրող Արա Մնացականյանը միջնորդել էր Արսեն Մաթևոսյանին, Աշոտ Մնացականյանին և Էդվարդ Թորոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում ևւ դատապարտել 13 տարվա ազատազրկման:

«Սույն քրեական գործի քննությունն իրականացվել է միակողմանի, զգացմունքային հիմքի վրա, ոչ թե իրավաբանության: Քննությունն իրականացվել է միակողմանի, կարծես թե դատախազությունը, վարույթն իրականացնող մարմինը վստահում է տուժող կողմին, որն էլ ուղղություն է տվել վարույթն իրականացնող մարմնին ու բազմիցս փոխել ցուցմունքը: Մեղադրանքի կողմը կամ չի ուզում տեսնել իրականությունը, կամ ի վիճակի չէ տեսնել այն: Ոչ մի կերպ չի հիմնավորվում, որ Աշոտ Մնացականյանն ինչ-որ մեկին զանգել է, կանչել հանդիպման»,- ասաց պաշտպանը:

Ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանն ու Էդվարդ Թորոսյանը հրաժարվեցին պաշտպանական ճառի և վերջին խոսքի իրավունքից, իսկ Արսեն Մաթևոսյանը հայտարարեց. «Հարգելի դատարան, դուք՝ ձեր Աստվածը, ոնց անեք, ընենց էլ պատասխան կստանաք»:

Դատավոր Աննա Մաթևոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 26-ին: Հիշեցնենք, որ այս գործով դատաքննությունն ընթանում է ավելի քան 3 տարի: Այս ընթացքում

Նշենք, որ Աշոտ Մնացականյանը, Արսեն Մաթևոսյանն ու Էդվարդ Թորոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ և որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, տուժող Արմեն Փիրոյանը նախկին կնոջից՝ Ա. Հովհաննիսյանից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է մեկ ուրիշի հետ և մեկնել ԱՄՆ շրջագայության: Այդ ընթացքում Ա. Հովհաննիսյանը ծանոթացել է սույն գործով ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի հետ, որի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Փիրոյանի ցուցմունքի համաձայն, ինքը մի քանի անգամ զանգահարել է նախկին կնոջն ու փորձել վերցնել ամուսնական մատանին: Նախկին ամուսինների հարաբերությունները պարզելու համար կնոջ ընկերը՝ Աշոտ Մնացականյանը, մի խումբ անձանց հետ հանդիպել է տուժողին: Սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել