Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանի մուտքը հեռուսատեսություն պատահական է եղել: «Կյանքը շարունակվում է», «Քավարան», «Վերջին գործարքը», «Միլիոնը թակարդում», «Ոսկե դպրոց». սրանք այն ֆիլմացանկերն են, որտեղ դերասանուհին մասնակցություն է ունեցել: Դերեր ստանալու համար երբեք խնամի-ծանոթ-բարեկամ բանաձևի օգնությանը չի դիմել, ինչպես նշում է, հարգում է իր մասնագիտությունը և ինքնախաբեությամբ չի զբաղվում, փոխարենն աշխատանքում կարևորում է պրոֆեսիոնալիզմը, իսկ առաջարկվող դերերն ընտրելու որևէ սկզբունք չունի, պարզապես ծանոթանալուց հետո պետք է գիշերը չքնի: BlogNews.am-ը զրուցել է դերասանուհու հետ անձնական կյանքի, առաջին ստացած աշխատավարձի և ստացած դերերի մասին:
Ֆիլմերում դերասանուհուն գրեթե միշտ բաժին են հասնում բարդ հոգեբանական դերեր, չնայած պնդում է, որ ամենաբարդ դերերը բաժին են հասել թատրոնում. «Սիրում եմ մասնագիտությունս, որովհետև չգիտեմ՝ ինչի մասին է, և եթե իմանայի, երևի չցանկանայի զբաղվել այս գործով: Միշտ փնտրում եմ: Վերջերս կարդացի, որ մեր մասնագիտությունը ճանապարհ է դեպի սար, որը չունի գագաթ, կամ փնտրել վերջ` իմանալով, որ վերջ չկա: Ինչ-որ անվերջության մասին է, և դա ինձ դուր է գալիս: Սիրում եմ, երբ հոգիս և միտքս սկսում են որոշ ժամանակ ապրել որևէ կերպարիս հետ: Կարծում եմ՝ իմ ամենադժվար կատարած դերերը թատրոնում են եղել»:
Այն հարցին՝ արդյոք չի վախենում կրկնվող և միշտ առաջարկվող նույնանման դերերից, դերասանուհին պատասխանեց. «Հանդիսատեսին միշտ ներկայացել եմ տարբեր բնավորությունների մարդկանց կերպարներով, անգամ տարբեր ժանրերում թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում: Դեռ այդ տեսակ խնդրի առաջ չեմ կանգնել, բայց անգամ եթե այդպիսի բան լինի, կարծում եմ՝ նույնիսկ իրար նման կերպարների մեջ կարելի է գտնել տարբերություն և խուսափել կրկնվելուց»:
Շատ դերասաններ նախագիծ ընտրելիս առաջնահերթ կարևորում են առաջարկվող հոնորարը։ Դերասանուհին շատ չի խոսում այդ թեմայով, բայց նշում է. «Ամեն դեպքում նկարահանվելը շատ դժվար աշխատանք է, որին տրամադրում ես քո կյանքի մի մասը, և իհարկե, կարևոր է դրա դիմաց ստանալ գումար»:
Առաջին աշխատավարձը ստացել է թատրոնում. փոքր, սիմվոլիկ գումար էր. «Այնքան ուրախ էի և այնքան լավ զգացողություն էր, երբ հասկանում էի՝ այս գումարը ես եմ վաստակել: Կրկնակի հաճելի էր գիտակցել, որ վճարել են սիրելի աշխատանքիդ դիմաց: Այդ պարագայում գումարն այնքան էլ կարևոր չէր»:
Անձնական կյանքը չի թաքցնում, բայց չի էլ սիրում շատ խոսել դրա մասին: Չնայած ամեն բան սիրելիի հետ են քննարկում, բայց հաճախ էլ զոհողությունների է գնում. «Կարծում եմ՝ աշխարհում բոլոր ֆիլմերն էլ սիրո մասին են, և ոչ մի հանճարեղ բան չի կարող ստեղծվել առանց սիրո: Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս կարող է սերը խանգարել: Նա միայն օգնում է: Այո, լինում են պահեր, երբ զոհողությունների ես գնում հանուն սիրո, որևէ բանից հրաժարվում ես, բայց ինչ-որ բան հանուն սիրո զոհաբերելը հաճույք է»:
Տարածված այն տենդենցին, որ շատ հայտնիներ իրենց սիրելիներին թաքցնելու համար վերջիններիս մարմնից հատվածներ են տեղադրում՝ ակնարկելով, որ իրենց կողքին տղամարդ կա: Եվան այդ տենդենցի հետևորդներից չէ. «Եթե անգամ ընտրյալ չունենայի, մարմնիս մասերը նկարել և տեղադրելն իմը չէ: Երբեք չեմ հետաքրքրվել նման բաներով: Գտել եմ այդ մարդուն: Սիրում եմ այդ մարդուն և երջանիկ եմ, որ մի հարթության և մի տարածության մեջ ենք, սիրո տարածության մեջ»:
Չնայած ակտիվ խառնվածքին՝ խոստովանում է, որ կյանքում շատ է կոտրվել. ««Վախենալու է դառնում, երբ սկսում են մարդուն խանգարել իր սեփական պատերը»: Չեմ հիշում, թե որտեղից են այս տողերը, բայց լիովին համաձայն եմ: Շատ եմ կոտրվել կյանքում: Դա հատկապես լինում է անցումային տարիքում, երբ գիտակցում ես, որ քո երազանքները չեն համապատասխանում իրականությանը: Դա ինձ զայրացնում է ու գուցե նեղացնում է, բայց հենց դա, հենց այդ հիասթափություններն են կառուցում ինձ, և երբ հաղթահարում եմ որևէ բան, երջանիկ եմ զգում, որ այդ տեսակ բաներ եմ զգացել: Վարպետս միշտ ասում էր, որ ամեն վատ բանի մեջ, անգամ եթե դա անհնար է, պիտի լավ բան փնտրես․ չէ՞ որ անգամ մահը նոր ծնունդ է: Любите себя через свою боль»: