«Մարտի 1-ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով. ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:
 
Սա, իհարկե, ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Սակայն Հայաստանում պարզ չէ, թե այն ինչպե՞ս կկիրառվի, ի՞նչ խնդիրներ կհարուցի, քանի որ համակարգը, բառի ուղիղ իմաստով, շիլա-շփոթ է:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին հայաստանյան գրեթե բոլոր բուժհաստատություններում այս թեմայով ժողովներ են անցկացվել: Եվ կառավարության որոշումը մասնագետների մոտ արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
 
Մասնավորապես՝ բուժհաստատություններին այդպես էլ չի տրվել դեղատոմսով տրամադրվելիք դեղերի ցանկը, փոխարենը խորհուրդ են տվել այն նայել նախարարության պաշտոնական կայքում, որտեղ ևս նույն շիլա-շփոթն է, և երեկվա դրությամբ ցանկը կայքում տեղադրված չէր:
Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ հատկապես մարզային հիվանդանոցները հագեցած չեն համակարգչային տեխնիկայով, սա լրացուցիչ դժվարություն կհարուցի:
 
Բացի այդ` կանխատեսվում է, որ առաջիկայում առանց այն էլ ծանրաբեռված ռեժիմով աշխատող բուժհաստատություններում մեծ հերթեր կլինեն, և քաղաքացիները ստիպված կլինեն օրերով սպասել` ամենապարզունակ դեղատոմս ստանալու համար:
 
Սա դժվարություն կլինի հատկապես հեռավոր գյուղերի բնակիչների համար, որոնք դեղատոմս պետք է ձեռք բերեն մարզկենտրոնի հիվանդանոցներից: Բայց նրանց մասին մայրաքաղաքի տաքուկ սենյակներում նստածները չեն էլ մտածում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել