Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունները տարեցտարի զարգանում և ընդլայնվում են՝ հորիզոններ բացելով համագործակցության նոր բնագավառների համար: Նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի հետ հանդիպմանը:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը կարևորել է տարիների ընթացքում կատարված բարձր մակարդակի այցերը և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանն ու համագործակցության աշխուժացմանը՝ հույս հայտնելով, որ որպես փորձառու դիվանագետ՝ Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություները, մասնավորապես ստորագրված պայմանագրերը կսկսեն իրականանալ Բրազիլիայի Սենատում վավերացվելուց հետո: Դեսպանի խոսքով՝ վավերացումը հնարավորություն կտա նոր ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բացել բրազիլական շուկան հայ արտադրողի համար, մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները:
Դեսպանը նշել է, որ գործնական դիվանագիտության կողմնակից է, և Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի իրականացնելու:

Նորանշանակ դեսպանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ, նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել