ՀՀ ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացները բավականին հետաքրքիր փուլ են մտնում. արդեն մյուս շաբաթ ԱԺ-ն ընտրելու է ՀՀ չորրորդ նախագահին: Այս թեման լրատվականների թիվ մեկ քննարկվող հարցերից է:

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը մեկ ամիս ՀՀ քաղաքական սեկտորի հետ հանդիպումներից հետո նախագահ Սարգսյանին տվեց իր համաձայնությունը և առաջիկա ՀՀԿ ԳՄ նիստում հավանաբար պաշտոնապես կառաջադրվի որպես թեկնածու:

Փորձենք այս երկու քաղաքական գործիչների միջև զուգահեռներով դիտարկել առաջիկա քաղաքական ռևերանսները:

Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին իր որոշման մասին հայտնելուց հետո անցած շաբաթ հանդիպեց նաև Կարեն Կարապետյանին: Հանդիպումն ինքնին հետաքրքրական է, սակայն ուշագրավ է դառնում այն, որ Սարգսյանը Կարապետյանի հետ հանդիպում է արդեն որոշում կայացնելուց հետո, ոչ թե դրանից առաջ, երբ հանդիպումներ էր ունենում թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի տարբեր շրջանակների, խորհրդարանական խմբակցությունների հետ:

Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ունեն նմանություններ և տարբերություններ: Երկուսն էլ, հայաստանցի լինելով, մեծ հաշվով կապ չունեն հայաստանյան իրականության հետ:

Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանն իրար շատ նման են կերպարային առումով: Երկուսն էլ Հայաստանում կիսատ են թողել իրենց նախկին պաշտոնավարումները և Հայաստանից հեռացել են խորհրդավորության որոշակի շղարշով ու իրենց անձերի հանդեպ հանրային որոշակի սպասումներով: Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում պետք է նպաստեր իշխանության ճգնաժամի հաղթահարմանը, որը հետևանք էր 1996-ի աղմկոտ նախագահական ընտրությունների, սակայն ամիսներ անց հեռացավ՝ ավելի խորացնելով իշխանության ճգնաժամը: Կարեն Կարապետյանը խոստանում էր կառավարման նոր մշակույթ ներդնել Երևանում, սակայն կարճ ժամանակ անց գայթակղվեց «Գազպրոմի» գրավիչ առաջարկով: Երկուսի շուրջ նույն թեզն է պտտվում. նրանք երկուսն էլ կարող են դրսից մեծ գումարներ բերել: Այս երկու քաղաքական գործիչներն էլ մեծահարուստ են ու բավականին ապաքաղաքականացված: Երկուսն էլ իրենց վրա կրում են «աշխարհաքաղաքական փոշին»: Երկուսն էլ ցույց են տալիս, որ դրսում մեծ կապեր ունեն: Մեկը արքայազն Չարլզին է ձեռքով բարևել ու թագուհուն մոտիկից տեսել, իսկ մյուսը՝ «Գազպրոմի» Միլլերին: Ե՛վ Սարգսյանը, և՛ Կարապետյանը Հայաստանում բիզնես շահեր ունեն:

Իրականում այս փուլում Սարգսյանի և Կարապետյանի միջև տեսանելի հակասություններ չկան, բայց դրանք օբյեկտիվորեն առաջանալու են, որովհետև երկու գործիչներն էլ ունեն ամբիցիաներ, բացի այդ՝ նույնքան բնական է նրանց, այսպես կոչված, տնտեսաքաղաքական հովանավորների շահերի բախումը:

Սերժ Սարգսյանն իշխանությունը մշտապես պահել է հակակշիռների և զսպումների մեխանիզմի միջոցով, որի շնորհիվ նա դարձել է համակարգի, ըստ էության, անվիճարկելի կոնսենսուսը և կայունության երաշխավորը: Էլ չենք խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանը մանևրելու հնարավորություն է ստանում նաև արտաքին քաղաքականության հարցերում:

ՀՀ-ին սպասվում են բավականին ինտրիգային օրեր և ուշագրավ վերադասավորումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել