Yerkir.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:  Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 258-րդ (խուլիգանություն) և 118-րդ (ծեծ) հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ բերել էին ապակե տարաներ` կոյուղաջրով:

«Երկիր ծիրանի»-ի անդամները բացեցին կոյուղաջրով լեցուն տարաները, իսկ խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը տարաներից մեկը փորձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, ինչի հետևանքով էլ սկսվեց ծեծկռտուքը:

Ավագանու հանրապետական անդամները սկսեցին քաշքշել «Երկիր ծիրանի»-ի կանանց՝ նրանց դահլիճից դուրս հրավիրելով: Արդյունքում` կոյուղաջրով լցված տարաներն ընկան գետնին և կոտրվեցին, և ծեծկռտուքը թեժացավ:

ՀՀԿ-ականները նիստերի դահլիճից դուրս հանեցին «Երկիր ծիրանի»-ի կանանց: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել