«Հայաստանը մեծապես կարևորում է գործընկեր պետությունների հետ եվրամերձեցման գործընթացում առավել ակտիվ փոխգործակցությունը»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ այսօր Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թամար Խուլորդավայի հետ հանդիպմանը։

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահը հավելել է, որ համաձայնագիրը Հայաստան-Եվրոպա դիվանագիտական ջանքերի արդյունք է և հույս հայտնել, որ այս հաջողության պատմությունն իր դրական ազդեցությունը կունենա նաև Արևելյան գործընկերության երկրների հետ փոխգործակցության խթանման գործում:

Անդրադառնալով երկու երկրներում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ Արմեն Աշոտյանը, նշելով, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, կարևորել է խորհրդարանական ժողովրդավարական հասարակության կերտման համատեքստում փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցության ներկա փուլում օրակարգային է ԵՄ ինտեգրման, խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական դիվանագիտության հարցերի շուրջ փորձի փոխանակումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել