«Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է` ուզում ես գուշակել, տեսնել ժողովրդի ապագան` նայիր նրա երիտասարդությանը»: Գարեգին Նժդեհի այս տողերը շատերին են հայտնի, սակայն արդյո՞ք շատերին է հետաքրքրում, թե որքանով են այդ խոսքերն արդիական այսօր:
Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի և հայ ժողովրդի պատմության առանցքային զարգացումների փուլում հայ երիտասարդի դերը և նրանից սպասումները կարծես անորոշ են եղել: Հատկապես պետականությանը առնչվող հարցերում հաճախակի խոսվել է հոգևորականության, մտավորականության, նույնիսկ կնոջ դերի մասին, սակայն որպես այդպիսին միասնական գաղափարական երիտասարդության դերի մասին կամ ընդհանրապես չի խոսվել, կամ աննշան անդրադարձ է եղել: Կարծես հայ երիտասարդությանը ոչ ոք չի դիտարկել որպես գործոն հայության կյանքի վճռորոշ պահերին (իհարկե, խոսքը չի գնում առանձին-առանձին վերցրած հատուկենտ երիտասարդների մասին):
Հայոց պետականության վերականգնման գործում հայ երիտասարդության դերի կարևորության ընդգծման հարցում թերևս առաջին հրապարակախոսական-քաղաքական աշխատությունը կարելի է համարել Մովսես Բաղրամյանի 18-րդ դարի 2-րդ կեսին լույս տեսած «Նոր տետրակը», որտեղ երիտասարդությանը կոչ է արվում դուրս գալ անկյալի իրավիճակից և պայքարել հայրենիքի ազատության համար: Իսկ 20-րդ դարում հայ երիտասարդության դերի կարևորության մասին խոսում է Գարեգին Նժդեհը: 
Անկասկած, 88-ի ազգային շարժումը ուներ նաև շատ կարևոր երիտասարդական պոռթկումի բաղադրիչ:
Սակայն իմ նպատակը ոչ թե պատմական անցքերին անդրադառնալն է, այլ հասկանալն է, թե որտեղ է այսօր գտնվում հայ երիտասարդությունը, արդյոք նրա հոգեկերտվածքը գտնվում է այն նույն անկյալի վիճակում, թե…
Թող ներվի ինձ, բայց եթե այսօր բնութագրելու լինենք հայ երիտասարդին, կամ գոնե նրա ճնշող մեծամասնությանը, ապա կարող ենք առանձնացնել 3 հիմնական հատկանիշ.
1.«Կուսակցապաշտություն»
2.«Պաշտոնապաշտությու»
3.Հարմարվողականություն
Ներկայումս հայաստանյան երիտասարդության քիչ թե շատ ակտիվ հատվածը կուսակցականացված է կամ այս կամ այն ձևով կապված է որևէ կուսակցության հետ: Սա նորմալ է, սակայն քաղաքական մշակույթի բարձր մակարդակ ունեցող հասարակություններում երիտասարդության կուսակցական գործունեության մոտիվացիան զգալիորեն տարբերվում է մեր երիտասարդի մոտիվացիաներից: Անկասկած, անձնական ամբիցիաները երկու տեղում էլ բացառել չի կարելի, սակայն մեր պարագայում բավականին թույլ կամ շատ հաճախ բացակայում է գաղափարական դրդապատճառը: Տարբեր քաղաքական ճամբարներում հայ երիտասարդների հրապարակային «բանավեճերը» տեղի են ունենում նեղ անձնական, կուսակցական շահերից ելնելով, այլ ոչ գաղափարական, պետականության հեռանկարի վերաբերյալ իրենց քաղաքական ուժերի ունեցած մոտեցումներից ելնելով: Կուսակցականացված հայ երիտասարդությունը կամ նրանց ճնշող մեծամասնությունը պետությանը, հասարակաությանը, հայրենիքին և առկա խնդիրներին նայում է սեփական կուսակցական շահերի պրիզմայով: Օրինակ՝ եթե դու իշխանական կուսակցությունը ներկայացնող երիտասարդ ես, ապա իրավունք չունես բարձրաձայնել կամ առավել ևս քննադատել առկա խնդիրները, ավելին` պետք է ամեն ինչ անես ստալինյան ժամանակների ոճով գովելու և գովերգելու գոյություն ունեցող իրավիճակը, մինչդեռ առողջ քննադատությունը օգտակար կլիներ և՛ պետությանը, և՛ տվյալ կուսակցությանը:
Շատ հաճախ սեփական կուսակցությունը պետության հետ նույնականացնող շատ երիտասարդների համար կուսակցական «ծառայությունը» որևէ պաշտոն ձեռք գցելու կամ պաշտոնից կառչած մնալու միջոց է դարձել: Պաշտոնը հայ երիտասարդի համար գերնպատակ է դարձել անձնական, այլ ոչ թե քաղաքական-պետական շահերին ծառայեցնելու համար: Չի եղել մի ակնառու դեպք, երբ պաշտոնյա երիտասարդը հրաժարվել է պաշտոնից ու միաժամանակ կուսակցական անդամակցությունից զուտ այն բանի համար, որ իր և իր կուսակցության միջև առաջացել են գաղափարական-քաղաքական տարաձայնություններ: Հայաստանում ամենատարածված սցենարը այսպիսին է. երիտասարդին ազատում են պաշտոնից, ապա որոշ ժամանակ անց լքում է կուսակցությունը, ու պարզվում է, որ այդ երիտասարդը «գաղափարական տարաձայնություններ» ուներ իր կուսակցության հետ: 
Այսօրվա հայ երիտասարդի հարմարվողականությունը, ինքնաքննադատության բացակայությունը, գաղափարների սակավությունը, ստեղծված իրավիճակի նկատմամբ լուռ համաձայնությունը և անտարբերությունը լճացման վիճակ են ստեղծում ոչ միայն սեփական կուսակցությունում, այլև ամբողջ հասարակությունում:
Որպես վերջաբան կցանկանայի հիշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետևյալ արտահայտությունը, որ «…Մեր բոլոր դժբախտությունների պատճառը նրանում է, որ բոլորը համաձայն են բոլորի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել