ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամության խորացմանը:

ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի խորացմանն ուղղված քայլերը՝  ընդգծելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը:

Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մեր միակ զենքը ժողովրդավարությունն է. նման հարցերը պետք չէ լուծել զենքով»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա անդրադարձել է վերջերս մեքսիկացի խորհրդարանականների Հայաստան և Արցախ կատարած այցելությաններին՝ կարևորելով փոխադարձ այցերի նշանակությունը:
Դեսպանն իր հերթին կարևորել է Մեքսիկայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրանում արժևորելով միջխորհրդարանական կապերի դերը:

«Խորհրդարանական դիվանագիտությունն ավանդական դիվանագիտության կարևորագույն բաղադրիչներից է, և մենք բարձր ենք գնահատում մեքսիկացի և հայ խորհրդարանականների փոխայցելությունները»,- նշել է Նորմա Պենսադո Մորենոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել