Իշխանության վերաբաշխման դիվերսիֆիկացիան, կարող ենք ասել, մտել է վճռական փուլ։ Պառլամենտական ընտրություններից ու հատկապես հուլիսյան հայտնի դեպքերից հետո պարզ դարձավ, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, երկար շարունակվել չի կարող։ Ցավոք, այդ ժամանակ արդեն իսկ ընդդիմությունը ջախջախված էր, ու նրա վրա հույս դնելը, մեղմ ասած, շնորհակալ գործ չէր լինի։ Հետևաբար վերադասավորումը պետք է տեղի ունենա էլիտայի ներսում ու, ինչքան հնարավոր է, պետք է տեղի ունենա անցնցում։ Ինչպես բազմիցս նկատել ենք, այս գործընթացը հեշտագույններից չէ ու այս անգամ արդեն կրելու է արտաքին բևեռների ազդեցությունը։ Ոստիկանական գնդի գրավումից հետո Հայաստանում վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ռուսական խոշոր «Գազպրոմ բանկ» ընկերության փոխտնօրենի պաշտոնը։ Ցայսօր Կարապետյանը Հայաստանում դիտարկվում է որպես ռուսական ազդեցության հավաքական կերպար։ Հասարակության աչքում նա պատկերվում է որպես Հայաստանում Ռուսաստանի մարդ։ Իսկ ահա օրերս ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Վերջինս լայն բիզնես կապեր ու շփումներ ունի արդեն արևմտյան էսթաբլիշմենթի ներկայացուցիչների հետ, և եթե հաշվի ենք առնում Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագիրը, ապա այս նշանակումն ավելի պարզ է դառնում այն առումով, որ որոշակիորեն դիվերսիֆիկացվում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը․ Կարապետյանը՝ որպես վարչապետ (իսկ ապրիլից հետո՝ որպես փոխվարչապետ), կանոնակարգում է Հայաստան-Ռուսաստան, իսկ Սարգսյանը՝ Արևմուտք-Հայաստան հարաբերությունները։ Այս համատեքստում ամեն ինչ դառնում է ավելի օրինաչափ ու տրամաբանական, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է զբաղվել ներքին քաղաքականությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել